17/05/2022 16:15
Որտեղի՞ց են գալիս և ինչի՞ մասին են հուշում նյարդային սովորությունները. պարզաբանում է հոգեբանը
Սեղանի ծածակոցի ծոպերը հյուսելը, բռնակը պտտելը, եղունգը եղունգին սեղմելը և այլ անմեղ թվացող գործողություններ, իրականում, կարող են լինել ընդգծված հոգեբանական խնդրի արտահայտություն։ Որոշ մարդկանց ձեռքերն ու ոտքերը անընդհատ շարժման մեջ են, նրանց համար հիմնականում դժվար է լինում զսպել իրենց: Արտաքինից թվում է, թե սա ընդամենը թաքնված անհանգստության նշան է։
Իմանալու համար, թե ի՞նչ են ասում այս սովորությունները մարդու մասին, Aysor.am-ը զրուցել է հոգեբան Եվգենյա Մկրտչյանի հետ։
«Ցանկացած մարդկային հույզ միշտ կարող է դրսևորվել ֆիզիոլոգիական մակարդակում, նույնիսկ, եթե հաջողվում է հեշտությամբ կառավարել հույզերը. սովորությունը երբեք աննկատ չի ձևավորվում, այն ունենում է հստակ պատճառ։ Հաճախակի կրկնվող նման երևույթներն ունեն իրենց անունը՝ մոլուցքային գործողություններ», - ասաց հոգեբանը։
Բոլոր կոմպուլսիվ գործողությունները ծագում են ուղեղի բազալային գանգլիաներում: Երբ մարդը հայտնվում է սթրեսային իրավիճակում, բազալային միջուկները, ասես, ֆիքսում են հիմնական շարժումները, հիշում դրանք և ձևավորում օրինաչափություն՝ վարքի կայուն, կրկնվող տարր։ Այդ իսկ պատճառով մենք կարող ենք նմանատիպ իրավիճակներում գործել նույն կերպ՝ առանց դրան ուշադրություն դարձնելու։
Կրկնվող գործողություններ կատարելով՝ մենք ինքներս դա չենք նկատում, և եթե նկատում էլ ենք, ապա որպես խնդիր չենք դիտարկում։
«Շատերն իրենց նյարդային սովորություններն ընկալում են որպես հաճելի բան, որպես ժամանակավոր հանգստություն, մխիթարություն և մի տեսակ աջակցություն։ Մենք ձևավորում ենք մի տեսակ ծես, որը թուլացման պատրանք է տալիս։ Ինչու՞ պատրանք, Որովհետև այդ գործողությունները կատարվում են անգիտակցաբար, ինչը նշանակում է, որ նրանց օգնությամբ անհնար է խնդրահարույց իրավիճակի լուծման փորձ ձեռք բերել»,- բացատրում է հոգեբանը։
Նման սովորությունից ազատվելու համար պետք է հասկանալ, թե մեր զգացմունքներն ու փորձառությունները ինչու՞ են «միացնում» այդ ռեակցիան և ի՞նչ իրադարձություններ են նախորդում կրկնվող գործողություններին:
Հոգեբանի խոսքով դա տեղի է ունենում, երբ մանկուց հայտնվում ենք սթրեսային իրավիճակներում, կամ մենք այնքան երկար ենք ապրում անհանգստության, անորոշության մեջ, այնքան երկար ենք զսպում բացասական հույզերը, որ մոռանում ենք, թե ինչպես կարելի է զգալ այլ պայմաններում:
Պատահում է, որ նման մարդիկ սովորում են ճանաչել անհանգստությունը և հաղթահարել որոշ շրջան, բայց նրանց ուղեղի նեյրոնային կապերը պահպանում են գործողությունների ալգորիթմը, և նրանց ձեռքում ինչ-որ բանի հետ անընդհատ շփվելու սովորությունը մնում է: Գործողությունը այլ ալգորիթմով փոխարինելը օգնում է ազատվել դրանից։
Միգուցե մոլուցքային գործողությունները չեն ազդում մեր կյանքի վրա, չեն խանգարում մեզ աշխատել և անել այն, ինչ սիրում ենք, սակայն ամենից հաճախ նրանք մատնանշում են մի թաքնված խնդիր, որը մենք անտեսում ենք։ Ուստի առաջին հերթին պետք է ազատվել պատճառից, այլ ոչ թե հետևանքից։
«Սթրեսի աճի հետ մեկտեղ, եթե մենք չենք սովորել ճանաչել մեր վիճակը և հաղթահարել դրա նյարդային սովորությունները, այն մեզնից կարող է խլել օրական մեկ ժամից ավելի, ազդել աշխատունակության, ինքնագնահատականի և ուրիշների հետ հարաբերությունների վրա։ Նման իրավիճակներում պետք է դիմել մասնագետի և փորձել միասին վերլուծել խնդիրը»,- զրույցի վերջում խորհուրդ տվեց հոգեբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։