17/05/2022 13:57
Զոհված զինծառայողների ծնողները նստացույց են սկսում ՔԿ զինվորական վարչության մոտ
Զոհված զինծառայողների ծնողները Քննչական կոմիտեի զինվորական վարչության մոտ են:
Ծնողների մի խումբ հանդիպման էր քննիչի մոտ, սակայն հանդիպման կեսից վրդովվել են ու դուրս եկել։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե քննիչ Արսեն Մովսիսյանին ծնողները խնդրել են դուրս գալ ու դրսում սպասող ծնողներին մանրամասներ ներկայացնել քննվող քրեական գործից, սակայն քննիչն ասել է, թե ինքը մամուլի խոսնակ չէ, որ իջնի ու խոսի ծնողների հետ։
Ծնողները որոշեցին փակել վարչության մուտքերը, ապա հայտարարեցին՝ վրանները բերում են ու նստացույց սկսում ՔԿ զինվորական վարչության մոտ։
Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Հսկող դատախազի կողմից այս միջնորդությունն ուղարկվել էր վարույթն իրականացնող քննիչին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ և 199-րդ հոդվածներով սահմանված կարգով քննարկելու նպատակով:
Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:
«Միջնորդության լուծումը հետաձգվել է մինչև դրա վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը», - այս մասին Aysor.am-ին հայտնել էր Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։
Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։