17/05/2022 21:29
«Վերջին օրերն են, որ մնում ես այստեղ․ որքան խաղաղ, որքան անցնցում հեռանաս, այնքան լավ քեզ համար»․ պայքարի դուրս եկած քաղաքացիները կառավարական առանձնատների մոտ են
Դիմադրության շարժման երթը հասավ կառավարական առանձնատների մոտ, որտեղից էլ ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքն ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ նշելով՝ նա այստեղ վերջին օրերն է անցկացնում։
«Մենք անցյալ տարի այս օրերին հայտարարել էինք, որ հետպատերազմյան շրջանում այսքան վիրավորներ, կորուստներ ունենալուց հետո կառավարական ամառանոցը և այդ հսկայական ծախսերը մեր երկրի համար ճոխություն են։ Սրանք վերջին օրերն են, որ մի հոգին այստեղ մնում է։ Այս ամառանոցը պետք է ծառայի ժողովրդին։
Մենք խոստացել ենք, որ ուր գնա, հետևից գնալու ենք։ Կլինի կառավարական առանձնատանը, կլինի աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, թե արտերկրում, այ այսպես հետապնդելու ենք, անընդհատ գնալու ենք հետևից, օր ու արև չենք տալու, մինչև հեռացնենք»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ Փաշինյանը պետք է գնա, որ երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդն ապրի, որ Արցախը մնա հայկական։
«Դու պետք է գնաս, որ հայ մարդը լինի անվտանգ ու երջանիկ։ Հետևաբար, այլընտրանք չունես։ Որքան շուտ, որքան խաղաղ, որքան անցնցում հեռանաս, այնքան լավ քեզ համար։ Գնա՛, որ մեր երկրում լինի հանդարտություն և կայունություն»,- խոսքը կրկին ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց ընդդիմադիր գործիչը։