17/05/2022 10:33
«Փաստ». Արտասահմանյան մի շարք խոշոր կառույցներ ու կազմակերպություններ լուրջ ճնշումներ են սկսել Հայաստանի իշխանությունների նկատմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս, այսպես կոչված, «1000 դրամների» գործով ձերբակալվեց, ապա և դատարանի որոշմամբ կալանավորվեց «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը: Ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչները, այլև իրավաբաններից շատերն այս գործը համարում են բացառապես քաղաքական ու «սարքված» հենց իշխանությունների կողմից: Չալաբյանն ինքն էլ նախօրեին հայտարարություն տարածեց, որ գործում «բացակայում է որևէ իրական հանցակազմ, և միակ իրական նպատակն ինձ և ընկերներիս վրա անթաքույց քաղաքական ճնշում գործադրելն է»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Չալաբյանին ազատությունից զրկելու իշխանության որոշումը անհանգստացրել ու զայրացրել է ոչ միայն Հայաստանում, այլև արտասահմանյան մի շարք խոշոր կառույցների ու կազմակերպությունների: Ընդ որում, խոսքը ոչ միայն McKinsey & Company խորհրդատվական հայտնի ընկերության մասին է, որի նախկին ավագ տնօրենն է եղել Չալաբյանը, այլև ոչ պակաս հայտնի ու հեղինակավոր այլ կազմակերպությունների Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, եվրոպական մի շարք երկրներից:
Բանն այն է, որ Չալաբյանը բավականին լուրջ հեղինակություն և կապեր ունի նաև միջազգային «արենայում», և նրա նման պրոֆեսիոնալ, հարգված, պահանջված մասնագետի հանդեպ նման վերաբերմունքը չէր կարող անտարբերության մատնվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կազմակերպություններից լուրջ ճնշումներ են սկսվել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ իրենց անհանգստությունն ու զայրույթն արտահայտելով Չալաբյանի հանդեպ ակնհայտ քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումների կապակցությամբ»։