17/05/2022 12:12
Մեր քաղաքացիների մի մասի մոտ «հների» նկատմամբ ատելությունն ավելի մեծ է, քան Արցախ, հայրենիք ու պետականություն կորցնելու վտանգը. Կամո Աթայան
Հայ հասարակության մի հատվածի մոտ դեռևս այն մտածողությունն է, որ ինչից խոսես, վերջին տարիների ողբերգություններն ու անհաջողությունները ինչքան էլ փաստես, միևնույն է, նրանց կարծիքով ամեն ինչի մեղավորը դեռևս «հներն» են։
Նման գործելակերպն անկասկած վտանգավոր է հատկապես պետականություն կորցնելու վտանգի առաջ կանգնած ազգի համար, և թերևս այն անհրաժեշտաբար պետք է դառնա մասնագետների` հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքագետների քննարկման առարկա։
Մի բան հստակ երևում է, որ տասնամյակներ շարունակ բավականին նուրբ տեխնոլոգիա է աշխատել ու աշխատում է, որի գերնպատակը ազգի պայքարելու հատկության ոչնչացումն է, նրան հայրենասիրության իսպառ բացակայությամբ ի վերջո հայրենազրկելն է: Անկասկած այդ ճանապարհին կարելի է մրոտել, նսեմացնել, բանտել ազգի անկախության, նրա ազատագրման ակտիվ մասնակիցներին ու նաև այդ տարիների ղեկավարներին։
Իհարկե ինչպես ցանկացած պետության ու հասարակության մեջ, այնպես էլ մեզ մոտ նեգատիվ, արգահատելի երևույթներ եղել են, կան ու կլինեն` իրենց առանձնահատկություններով հանդերձ, բայց այն դնել կեղտոտ քաղաքական խաղերի հիմքում և համատարած սևացնել հայ պետական ղեկավարի, պաշտոնյայի կերպարը ու նման ձևով քաղաքական դիվիդենտներ շահել ու հների թեման միշտ օրակարգում պահելով` պահել նաև ազգակործան ու պետականաքանդ ռեժիմը` ստորություն է պետության ու ժողովրդի հանդեպ։
Նույնիսկ ամենափոքր հիմնարկում, եթե լինում է ղեկավարության փոփոխություն, ապա այդ պահից սկսած ամբողջ պատասխանատվությունը նոր ղեկավարի վրա է դրվում, և որ կարևոր է ամեն ոք` մինչև պաշտոն ստանձնելը, խելացի լինելու դեպքում վերլուծում և համադրում է սեփական մտավոր հնարավորությունները, կարողություններն ու արհեստավարժությունն՝ առկա մարտահրավերների հետ և դրանից հետո է միայն որոշում կայացնում։
Թե չէ միշտ նույն թեման, միշտ հներն են ամեն ինչում մեղավոր, և միշտ պողոսների հիացական վերաբերմունքը չարչրկված, բայց «մեր իրականության մեջ հավերժ կենդանի» հարցի նկատմամբ պարզապես ծիծաղելի ու հոգնեցուցիչ է, եթե ոչ՝ զզվելի։
Պետք է լինել օբյեկտիվ ու կարողանալ «հների» վերաբերյալ ատելությունը ստորադասել առկա լուրջ մարտահրավերների նկատմամբ ու միայն այդժամ մտածողությունը կծնի նաև իրական ու պահանջարկված լուծումներ, որի շնորհիվ այս մղձավանջից հնարավոր կլինի հանել հասարակությանը։
Ի դեպ՝ հներն էլ, հատկապես քաղաքական «հները», եթե տեսնում են որ այս կամ այն քաղաքական, հասարակական գործընթացում իրենց մասնակցությունը միայն վնասում է սպասվող զարգացումներին, չպետք է ուժով ներգրավվեն դրանց մեջ` դառնալով թիրախ ու դավաճանական ռեճիմի քաղաքական գոյության երարաձգման գործիք: Մի բան, որը վերջին ու հատկապես հետպատերազմյա շրջանում մեզ մոտ նկատելի է։
Այնուհանդերձ «հների» մշտարթուն և չարչրկված թեմայով ազգակործան պատուհասներին արդարացնելն, ի վերջո, կբերի պետության և պետականության կորստին: