17/05/2022 20:50
Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի պետական դավաճանության հոդվածով, իսկ Գագիկ Ջհանգիրյանը՝ հրաժարական տա
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնեցին իրենց պահանջը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալվի ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ՝ պետական դավաճանության հոդվածով։
«Դատախազությունը քրեական գործ է հարուցել ոչ թե պետական դավաճանության՝ 299-րդ հոդվածով, որի համար առկա են բավարար ապացույցներ, այլ 308-րդ հոդվածով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահելու փաստով։ Հասկանու՞մ եք՝ ոնց են խեղաթյուրել։
Մենք՝ զոհվածներիս հարազատներս, պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ»,- հայտարարեցին ծնողները։
Նրանք պահանջեցին նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Նա, ըստ զոհվածների ծնողների, միտումնավոր միջամտել է դատարաններ մուտք եղած քրեական գործերի բաշխման գործընթացին։
«Պահանջում ենք նաև ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։ Պարզվում է, որ դատարաններ մուտք եղած քրեական գործերի էլեկտրոնային համակարգերը չեն գործարկվել պատշաճ կերպով․ առկա են թերություններ, որոնք, ըստ մեզ, միտումնավոր են արվում։
Այս ամենի հեղինակն է ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը, և մենք՝ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներս, պահանջում ենք անհապաղ ՀՀ դատական համակարգի բնականոն աշխատանքը հիմնովին խաթարած ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։
Ջհանգիրյա՛ն, դուք անելիք չունեք այլևս դատական համակարգում, հեռացե՛ք»,- հայտարարեցին զոհված զինծառայողների հարազատները։