18/05/2022 16:00
Սեռով պայմանավորված աբորտներ. տասնամյակների մարտահրավեր Հայաստանի համար. Մաս 1
Պտղի սեռով պայմանավորված աբորտներ. խնդիր, որը վերջին տասնամյակներում խիստ արդիական է Հայաստանի համար։ Արդյունքում՝ տարվա կտրվածքով հազարավոր չծնված աղջիկ երեխաներ՝ միայն այն պատճառով, որ հայկական ընտանիքներն ավանդաբար նախապատվութուն են տալիս տղա երեխաներին։
Aysor.am-ի թղթակիցը թեմայի և սելեկտիվ աբորտների ներկայիս վիճակագրության շուրջ զրուցել է ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական բաժնի գլխավոր մասնագետ Աիդա Սարգսյանի հետ։
Ըստ մասնագետի՝ սեռով պայմանավորվա աբորտները տարիներ շարունակ մարտահրավեր են եղել Հայաստանի համար, սակայն ներկայիս վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում առկա է դրական դինամիկա։
Աիդա Սարգսյանը հիշեցրեց՝ կենսաբանորեն բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:
«Այս հարաբերակցության շեղումը Հայաստանում ակնհայտ է դարձել 1990-ականներից և իր գագաթնակետին է հասել 2000 թվականին, երբ 100 աղջկա հաշվով ծնվել է 120 տղա։ 2008-2012 թթ ունեինք 100 աղջկա դիմաց 115 տղա հարաբերակցությունը։
Արդեն 2021-ի տվյալներով՝ 100 աղջա դիմաց ծնվել է 108.6 տղա։ Սա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային մակարդակով բավական դրական դինամիկա է համարվում»,- ասաց ԱՆ մասնագետը՝ նշելով, որ նման վիճակագրության Հայաստանում հնարավոր է եղել հասնել միջազգային և տեղական կազմակերպությունների լայնածավալ միջոցառումների արդյունքում։
Աիդա Սարգսյանի խոսքով՝ իրազեկման միջոցառումներն ուղղված են եղել ոչ միայն հասարակության լայն շերտերին, այլ նաև բժշկական անձնակազմին։
«Ներկայում էլ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ փորձելու ենք դասընթացների միջոցով վերապատրաստել բժիշկներին, որպեսզի նրանք կանանց համապատասխան խորհրդատություն տրամադրեն՝ ամեն կերպ խուսափելու սելեկտիվ աբորտներից»,- ասաց մեր զրուցակիցը։
Հ.Գ. ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալների համաձայն՝ սեռով պայմանավորված աբորտների հետևանքով Հայաստանում տարեկան չի ծնվում 1500-2000 աղջիկ։ Դրա փոխարեն 1700 տղա ավելի է ծնվում: ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2060 թվականը Հայաստանում չի ծնվի շուրջ 93 000 աղջիկ։
Շարունակելի
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։