18/05/2022 19:28
Սելեկտիվ աբորտների ամենավատ վիճակագրությունը կրկին Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում է. Մաս 2
Սելեկտիվ աբորտների մասով ՀՀ մարզերում պատկերն ավանդաբար ավելի տխուր է, քան Երևանում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական բաժնի գլխավոր մասնագետ Աիդա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ տարբեր մարզերում այդ ցուցանիշը տարբեր է, սակայն ամենավատ վիճակագրությունն առկա է Գեղարքունիքում և Արագածոտնում։
«Երևանում պատկերն անհամեմատ լավ է, և մեր քարոզչական աշխատանքներն առավելապես ուղղված են մարզային բժիշկներին։ Նրանք ավանդաբար ավելի մոտ են կանգնած ընտանիքներին, և եթե մենք կրթենք մարզային բժիշկներին, այդ մարդիկ կկարողնան նպատակային խորհրդակցություն տրամադրել սելեկտիվ աբորտի համար բուժհաստատություն գնացած կնոջը՝ հնարավորինս կանխելու նրա այդ որոշումը», - ասաց Աիդա Սարգսյանը։
ԱՆ մասնագետը միաժամանակ նշեց՝ սեռով պայմանավորված աբորտները չեն շրջանցում նաև տղա երեխաներին, սակայն անհամեմատ ավելի փոքր տոկոսայնությամբ։
Դրական միտումների շարքում մեր զրուցակիցն առանձնացրեց նաև առաջին երեխային չհեռացնելու միտումը՝ անկախ սեռից։
«Մեզ մոտ սելեկտիվ աբորտները սկսվում են 2-րդ և հիմա ավելի շատ՝ 3-րդ երեխայից։ Նախկինում սելեկտիվ աբորտներ չկային, որովհետև մարդիկ 4-5 երեխա էին ունենում, և տարբեր սեռի երեխաներ ունենալու հավանականությունը մեծ էրЖ Իսկ քանի որ մեր օրերում կինը փորձում է սահմանափակվել 2-3 երեխայով՝ ունենալով և՛ տղա, և՛ աղջիկ, սելեկտիվ աբորտների թիվը շատացել է», - ասաց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական բաժնի գլխավոր մասնագետը։
Վերջում Աիդա Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների այս տարվա վիճակագրոթյունը պատրաստ կլինի 2023 թվականի սկզբին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։