18/05/2022 19:17
«Գալեյանների հետ տեղի ունեցածը չեն կարողանալու մարսել․ ո՛չ Գարիկը, ոչ էլ Արթուրը որևէ հանցագործություն չեն կատարել»․ Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով այցելել էր ՔԿ զինվորական քննչական վարչություն, քիչ առաջ դուրս եկավ այնտեղից ու հայտարարեց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին դեռ ձերբակալվածի կարգավիճակ չեն տվել, իսկ Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ազատ արձակելու պատգամավորների միջնորդությունը դեռ քննում են։
Միջնորդություն ներկայացրած պատգամավորներից 5-ը շարունակելու են մնալ ՔԿ զինվորական քննչական վարչությունում, իսկ Արթուր Վանեցյանը պատրաստվում է գնալ հանրահավաքի՝ հարցը նաև այդ հարթակից բարձրաձայնելու համար, ապա վերադառնալու է։
«Հստակ ժամկետներ պետք է տանք, հստակ պահանջներ ներկայացնենք։ Այս հարցը պետք է արագ լուծվի։
Այս պահին հետևյալն է․ 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը ձերբակալված է, հորեղբոր՝ Արթուր Գալեյանի ձերբակալման որոշումը կայացված է, բայց դեռևս իրավաբանորեն նրան դեռ ներկայացված չէ։ Այսինքն, հիմա Արթուր Գալեյանը կարող է դուրս գալ շենքից, գնալ, բայց մենք հասկանում ենք, որ եթե հիմա դուրս գա, գնա, կասեն՝ խուսափում է քննությունից, բերման կենթարկեն և այլն»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց՝ Արթուր Գալեյանը ինքնակամ է ներկայացել, չի խոչընդոտել քննությանը, չի փորձել թաքնվել։
«Գալեյանների հետ տեղի ունեցածը չեն կարողանալու մարսել։ Ո՛չ Գարիկը, ոչ էլ Արթուրը որևէ հանցագործություն չեն կատարել»,- ընդգծեց Արթուր Վանեցյանը՝ ներկայացնելով նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հոր և հորեղբոր նկատմամբ իրականացվող գործողությունների այն հիմնավորումները, որոնք իրավապահներն են բերում։
«Մեղադրանքն առաջադրված է Քրեական օրենսգրքի 327․6 հոդվածի հատկանիշներով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը։ Զինվորական քննչական կոմիտեի մոտ նոր ձևավորված զորամաս կա, որի մասին որևէ մեկը տեղյակ չէ։ Գալեյաններն, առանց տեղյակ լինելու, փորձել են իրենց արդարացի պահանջը բարձրացնել։ Տեսել են գնդապետի ուսադիրներով մարդ, մտածել են՝ ղեկավար ինչ-որ մեկն է, իրենց հարցը ներկայացրել են։ Հիմա այս մարդկանց մեղսագրում են, որ իբր ապօրինի մտել են զորամասի տարածք։
Այստեղ զուտ իրավական հարց չէ։ Բա բարոյականությու՞նը, բա մնացա՞ծը։ Այսինքն, ո՞վ իրավունք ունի ձեզանից յուրաքանչյուրին նման մեղադրանք առաջադրելու։ Առաջին հերթին մեղադրանք պետք է առաջադրել մեզ բոլորիս այս վիճակին հասցրած հանցագործին»,- ՔԿ զինվորական քննչական վարչության մոտ հավաքված քաղաքացիներին ու լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը։