18/05/2022 17:28
Քյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք մեղադրանք առաջադրի Մխիթար Գալեյանի հորը. իրավապաշտպան
Ոստիկանությունն անպատժելի է, դրա համար էլ կարող է նման միջոցների դիմել՝ ոչ միայն բերման ենթարկել, այլև բերման ենթարկելուց հետո հայհոյել և ծեծել անչափահասներին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
«Մենք անընդհատ դատապարտում ենք ոստիկանության գործողությունները, բայց դա որևէ հետևանք չի ունենում։ Ոստիկանապետը երևի ծառայողական քննությունների կոլեկցիա է հավաքում, որոհետև անընդհատ ասում են, որ ծառայողական քննություն է իրականացվում։ Բայց արդյունքների մասին այդպես էլ չենք տեղեկանում։
Իսկ ոստիկանության կողմից բռնություններ շարունակում ենք տեսնել։ Իհարկե, ներկայիս ոստիկանության գործողությունները չեմ համեմատում նախկին ոստիկանության լայնածավալ բռնությունների կիրառման հետ, բայց դա ոչինչ չի նշանակում։ Ոստիկանությունը պետք է զուսպ լինի և որևէ բռնություն չկիրառի»,- ասաց իրավապաշտպանը՝ խիստ դատապարտելի և սանձարձակ որակելով նաև ոստիկանության երեկվա գործողությունները, որոնց ընթացքում 77-ամյա կնոջ ձեռք էր կոտրվել։
Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ոստիկանների դատապարտելի գործողությունները չպետք է անպատիժ մնան, և եթե բազմաթիվ դեպքերով քրեական գործեր են հարուցվում, պետք է հարուցվեն նաև ոստիկանների նկատմամբ։
«Ես, որպես իրավապաշտպան, այս ամենի համար դատապարտում եմ ոստիկանությանը»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի ձերբակալությանը, Ժաննա Ալեքսանյանն ընդգծեց՝ առաջադրված հոդվածներից ակնհայտ է, որ դրանք ծանր հոդվածներ չեն։
«Նույնիսկ, եթե զորամասում այդ մարդու մասնակցությամբ միջադեպ է եղել, ամբողջ մի զորամաս և Քննչական կոմիտեն ներառյալ չպետք է նրա դեմ մեղադրանք առաջադրեին, ձերբակալեին։
Գարիկ Գալեյանի ձերբակալությունը և նրա արարքը չհանդուրժելը համարում եմ անբարո։ Այդ մարդը ձեր զոհն է, և պետք է հանդուրժեին նրա երկու խոսքը, ոչ թե հոդվածներ առաջադրեին նրան։
Արգիշտի Քյարամյանը թող գնա, սպանված զինվորների գործերով օբյեկտիվ քննություն իրականացնի, ոչ թե երեք հատ մեղադրանք առաջադրի զոհված զինվորի հորը»,- հավելեց իրավապաշտպանը։