18/05/2022 21:24
«Դուք պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե Փաշինյանին»․ ընդդիմադիրները ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ հանդիպման գնացին
Ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ժողովրդի կողմից ձևակերպված 3 պահանջ հնչեցրեց՝ ուղղված ոստիկանության ծառայողներին և անձամբ ոստիկանապետ Վահե Ղազարյանին։
«Մենք առաջին օրվանից հայտարարել ենք, որ մենք ոստիկանության հետ որևէ հարց չունենք, մենք ունենք մեկ սպառնալիք երկրին, որի անունն է Նիկոլ Փաշինյան։ Այսօր այդ մարդու միակ հենարանը դուք եք։
Դուք պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե այդ խելագարին։ Նիկոլը ձեզ պարգևավճարներով, շողոքորթելով, տարբեր հնարքներով փորձելու է ներգրավել նոր ապօրինությունների մեջ։ Կրկին կոչ ենք անում և հստակ պահանջում․
Առաջինը՝ բոլոր այն ոստիկանների գործունեությունը, ովքեր այսօր քաղաքացիների, պատգամավորների նկատմամբ իրականացրել են ապօրինի հանցագործ գործունեություն, մինչև վաղը պետք է կասեցվի, նրանք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։
Երկրորդը՝ պետք է հասարակությանը հստակ և պարզ լինի՝ ովքեր են այդ մարդկանց հրահանգ և երաշխիքներ տվողները։ Կան տեղեկություններ, որ նրանք ուղղորդվում են այդ շրջանակների կողմից՝ դրանով պատվազրկելով ձեր ուսադիրներն ու ոստիկանության պատիվը։
Եվ երրորդ պահանջը՝ ոստիկանապետը հստակ պետք է հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով վայրագությունները, որոնք տեղի են ունեցել։ Այսուհետ պետք է դադարեցվի ժողովրդի նկատմամբ բռնի և անհամաչափ ուժի կիրառումը։
Այս պահին պահանջում ենք ոստիկանապետի հետ հանդիպում՝ այս պահանջները նրան փոխանցելու համար»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց՝ հանդիպումը կարող է լինել ժողովրդի մեջ, կարող է լինել նաև աշխատասենյակում, իրենք սպասում են ոստիկանապետի պատասխանին։
Րոպեներ անց Իշխան Սաղաթելյանին փոխանցեցին, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատրաստ է հանդիպմանը։ Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի պատգամավորներով գնում են հանդիպման, ապա կորոշեն հետագա գործողությունները։