18/05/2022 20:54
Հարգելի՛ դեսպան, հայ ժողովուրդը Նիկոլին Արցախը զիջելու և Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել. Իշխան Սաղաթելյանը՝ ԱՄՆ դեսպանին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր ասել է, որ իրենք հանձնառու են օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և վերահաստատեց 2021 թվականի ընտրություններին, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանարահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Դիմելով ԱՄՆ դեսպանին՝ ընդդիմադիր գործիչը նշեց․
«Հարգարժա՛ն դեսպան, ես խորը ափսոսանք եմ հայտնում Ձեր այսօրվա հայտարարության առնչությամբ։ 2018 թվականին հայ ժողովուրդը գնաց լավ կյանքի սուտ խոստումների հետևից, ոչ թե Արցախի կորստի և արյունալի պատերազմի։ Գնաց ավելի ժողովրդավար պետություն ստեղծելու հետևից, ոչ թե բռնապետություն հաստատելու և ժողովրդավարությունը բռնաբարելու հետևից։
Իսկ ինչ վերաբերում է 2021 թվականի խայտառակ ընտրություններին, հիշեցնում եմ քեզ, հարգելի դեսպան․ հայ ժողովուրդը Նիկոլին Արցաը զիջելու և առհասակ երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չի տվել։
Եթե որոշ շրջանակներ կարծում են, որ հայ ժողովուրդը դառնալու է իրենց շահերի սպասարկուն, շահերի մանրադրամը, խորապես սխալում են։ Հայ ժողովուրդն այս հրապարակում է՝ հենց դա կանխելու համար»,- ասաց Սաղաթելյանը։
Ընդդիմադիր գործիչը շեշտեց՝ սա պայքար չէ իշխանության համար, պայքար է ՀՀ ինքնիշխանության համար, և որևէ մեկը չպետք է փորձի ժողովրդավարությունը հակադրել անվտանգությանը։
Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ ԱՄՆ և ԵՄ երկրները՝ կարևոր գործընկերները։
Նա Հայաստանում ԱՄՆ դեսպանին և միջազգային կառույցներին հորդորեց վերջ դնել երկակի ստանդարտներին, դադարել իրենց լռությամբ նպաստել, որ Հայաստանում բռնապետության լինի։