19/05/2022 12:47
Հայաստանը կենսաանվտանգության հետ կապված խնդիրներ ունի՞. ԱԽ քարտուղարը վստահեցնում է՝ Ռուսաստանին սպառիչ պատասխաններ են տվել
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադարձավ տեղեկություններին, ըստ որոնց, Հայաստանը կենսաանվտանգության հետ կապված խնդիրներ ունի:
Նա ասաց, թե Նիկոլ Փաշինյանի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է կենսաանվտանգության ոլորտը և այդ խումբը համակարգում է ԱԽ քարտուղարը:
«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է բոլոր միջազգային գործընկերների հետ, աշխատանքային խմբի համակարգմամբ, ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան ու այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ, այս համատեքստում, ցանկանում եմ արձանագրել, որ Հայաստանում բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ, այդ լաբորատորիաները գործում են ՀՀ օրենսդրության համաձայն ու միտված են սպասարկելու միայն ՀՀ շահերը», - հայտարարեց ԱԽ քարտուղարը:
Բացի այդ, Արմեն Գրիգորյանի խոսքով, կենսաանվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են Հայաստանի ու Ռուսաստանի ԱԽ գրասենյակների համագործակցության օրակարգում. ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշատպես ստացել են սպառիչ պատասխաններ:
«Վերջերս նաև Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանը եղել է Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերն ու հայկական կողմը տվել է բոլոր հարցերին սպառիչ պատասխան», - ասաց նա՝ ընդգծելով, որ աշխատանքային խումբը քննարկել է նաև Հայաստանի ու Ռուսաստանի միջև կենսաանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին հարցեր:
«Հայաստանի ու Ռուսաստանի միջև գոյություն ունի կենսաանվտանգությանը վերաբերող հուշագիր ու մեր համագործակցությունը կարգավորվում է նաև այս հուշագրով», - ասաց ԱԽ քարտուղարը:
Նա ասաց, թե Հայաստանը շարունակում է կենսաանվտանգության հարցերով համագործակցել բոլոր գործընկերների հետ, որպեսզի շարունակական բարելավի երկրի կարողությունները՝ տարաբնույթ սպառնալիքներին դիմագրավելու հարցում: