19/05/2022 22:15
«Վաղն առավոտվանից շարունակում ենք մեր պայքարը»․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց մայիսի 20-ի ծրագրերը
Վաղն առավոտվանից շարունակում ենք մեր պայքարը, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ընդդիմության ներկայացուցիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց՝ մայիսի 20-ին բողոքի և անհնազանդության խաղաղ ակցիաները մեկնարկելու են առավոտյան ժամը 09։30-ից։
«Քաղաքացիներին ժամը 09։30-ին հրավիրում ենք Ֆրանսիայի հրապարակ, տարբեր աշխատանքներ ունենք անելու։ Վաղը ճանապարհներ չենք շրջափակելու, ունենք հատուկ ծրագիր»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ տարբեր պատճառներից ելնելով՝ այդ ծրագրի դետալներն այս պահին չի հրապարակում։
«Լինելու են նաև անհնազանդության ակցիաներ։ Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ կազմակերպվելու են այնպիսի միջոցառումներ, որտեղ լսվելու է հենց ժողովրդի ձայնը։
«Մեր ակցիաները կշարունակվեն մինչև ժամը 19։00-ն, իսկ 19։00-ին կրկին հրավիրում ենք հանրահավաքի»,- խոսքն ամփոփեց Իշխան Սաղաթելյանը։