19/05/2022 19:57
«Իմ օրինակով ուզում եմ ցույց տալ՝ մեր անձնական բարօրությունը շատ փոքր բան է»․ GG ընկերությունն ու նրա հիմնադիրը միացել են պայքարին
Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ են ամեն օր միանում Հայաստանում ապրիլից մեկնարկած պայքարին։ Նրանց շարքում է նաև հայկական GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, ով այսօր ևս Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին է մասնակցում։
Հանրահավաքին իր ելույթում Գրիգորյանը նշեց՝ երազանք ուներ՝ համաշխարհային մեծ ընկերություն ստեղծել, որը կնպաստեր Հայաստանի տնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ավելացմանը։
«Բայց այսօր մենք մի իրավիճակում ենք, երբ իմ երազանքը դարձել է փոքր բան, քանի որ ընկերություն ունենալն այն պարագայում, երբ սեփական պետություն չունես, դառնում է անիմաստ։ Եվ իմ՝ այսօր այստեղ, ձեզ հետ գտնվելու իմաստն այն է, որ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ՝ մեր անձնական բարօրությունը շատ փոքր բան է՝ մեր ազգի, մեր պետականության բարօրության համեմատ։ Որքան շատ մարդ դա գիտակցի, այնքան ավելի շուտ մենք իրոք մեծ բաների կհասնենք»,- ասաց Խաչատուր Գրիգորյանը։