19/05/2022 11:59
Ուզում ենք, որ Հայաստանում լինի այնպիսի դատական համակարգ, որը նայում է մարդկանց աչքերին, ոչ թե ձեռքերին. վարչապետ
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ուզում են, որ Հայաստանում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին:
«Սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, սրանք ազդում են մարդկան և՛ սոցիալական, և՛ բարոյական վիճակի վրա: Մենք պետք է հետևողականորեն գնանք այս ճանապարհով», - ասաց նա:
Վարչապետը նշեց, թե գնում են այս ճանապարհով, որովհետև ուզում են, որ Հայաստանում լինի իսկապես անկախ դատական համակարգ ու դա ձև չէ, քաղաքական կարգախոս չէ: