19/05/2022 15:36
ՔՊ-ական պատգամավորները իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Մայիսի 18-ին բարեկամական խմբերի մակարդակով խորհրդարանում տեղի է ունեցել հայ եւ իտալացի պատգամավորների ընդլայնված կազմով հանդիպումը:
ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանն անդրադարձել է խորհրդարանական համագործակցությանը, պատգամավորների ու գործադիրի ներկայացուցիչների փոխայցերի կարեւորությանը: Պատգամավորը երախտագիտություն է հայտնել 2019 թ. ապրիլին Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմին, հետպատերազմական իրավիճակին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին: Այդ համատեքստում Մարիա Կարապետյանն արժեւորել է Իտալիայի խորհրդարանի կողմից այս տարվա մարտին ընդունված բանաձեւը, որով իտալացի խորհրդարանականներն ամրագրել են հայ ռազմագերիների վերադարձի կարեւորությունը: Պատգամավորն ընդգծել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Իտալիայի խորհրդարանականների կողմից արված հայտարարությունները:
Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար Ջուլիո Չենտեմերոն կարեւորել է հայ-իտալական փոխգործակցության առավել ակտիվացումը, խորհրդարանական դիվանագիտությունը՝ առանձնացնելով հատկապես բարեկամական խմբերի դերը: Ջուլիո Չենտեմերոն անդրադարձել է ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Պատգամավորը խոսել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների հաջողությունների, հայկական կրթամշակութային առանձնահատկությունների մասին:
Ընդլայնված կազմով հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Սոնա Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Բադալյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:
Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձել են 44-օրյա պատերազմին, ԼՂ-ում տիրող իրավիճակին, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգեւոր-մշակութային ժառանգությանը եւ այդ հարցում Ադրբեջանի վարած ժխտողական քաղաքականությանն ու իրականությունը խեղաթյուրող վարքագծին:
Խորհրդարանականներն իտալացի գործընկերներին ներկայացրել են ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: