20/05/2022 18:50
Սրտի առողջության համար օգտակար են կալիումով հարուստ մրգերը
Մրգերը հարուստ են վիտամիններով, միներալներով, թաղանթանյութի հիմնական աղբյուրն են, որ խիստ կարևոր է աղեստամոքսային համակարգի աշխատանքի, օրգանիզմը վատ խոլեստերինից ազատելու համար։ Թաղանթանյութը նաև մաքրում է աղիները տոքսիններից։
Հակաօքսիդանտները պաշտպանում են բջիջներն ազատ ռադիկալներից. ինչի հաշվին դանդաղում է ծերացման գործընթացը։ Ասկորբինաթթուն օգտակար է ավիտամինոզի, վիրուսների, մանրէների դեմ պայքարում։ Մրգերն օգտակար են նաև իմունային համակարգի ամրացման, դեպրեսիան հաղթահարելու գործում։
Պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, միներալներ։ Ցիտրուսային մրգերը վիտամին C-ի աղբյուր են, պարունակում են նաև B խմբի վիտամիններ, գրեթե բոլոր մրգերում կան A, C, K, P վիտամիններ, ինչպես նաև ֆրուկտոզա, սախարոզա, թաղանթանյութ, օրգանական թթուներ։
Վիտամին Е-ով (ունի հակաօքսիդանտ հատկություններ), հարուստ են խաղողը, տանձը, կիվին, մանգոն, դեղձը, խուրման, նուռը։
Ֆրուկտոզան ամենատարածված մոնոսախարիդներից է, օրգանիզմի էներգիայի մատակարարներից։ Ֆրուկտոզան կլանվում է լյարդի բջիջների կողմից, մասնակցում է լիպոնեոգենեզի գործընթացին, հանգեցնում ճարպերի առաջացման և կուտակման։ Ճարպակալումը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը։
Մրգերի մեծ մասը 80-95 տոկոսով կազմված են ջրից, ցածր կալորիականություն ունեն։ Թաղանթանյութի, վիտամինների, կալցիումի, կալիումի, երկաթի, մագնեզիումի պարունակությունը մրգերը դարձնում են սննդակարգի կարևորագույն բաղադրիչ։
Սրտի առողջության համար օգտակար են կալիումով հարուստ մրգերը՝ բանան, խուրմա, որ ամրացնում են անոթների պատերը, սրտամկանը։ Նարինջը օգտակար է աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։ Սալորն օգտակար է հիպերտոնիայի դեպքում (արյան բարձր ճնշում)։ Նուռը նույնպես նվազեցնում է զարկերայաին ճնշումը, ավոկադոն նպաստում է սրտի աշխատանքին, օգնում հաղթահարել սթրեսը։
Մրգերի չափից շատ օգտագործելը կարող է առաջացնել հիպերվիտամինոզ (գերվիտամինություն), ալերգիա, մարսողական համակարգի խանգարումներ։ Ցիտրուսային մրգերը բարձր թթվայնության պատճառով կարող են հանգեցնել գաստրիտի, խոցի սրմանը, ատամների էմալի քայքայմանը։
Առավել օգտակար և անվնաս են ցածր ֆրուկտոզայով մրգերը՝ խնձոր, տանձ, կիվի, սալոր, կիտրոն, թուրինջ, արքայախնձոր, ավոկադո։
Միրգ կարելի է ուտել ամեն օր, բայց առավել նախընտրելի է օրվա առաջին կեսին։ Համաշխարհային առողջապահության կազմակերպության ցուցումներով օրական կարելի է ուտել 400 գրամ միրգ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։