20/05/2022 18:10
Ինչպե՞ս ծնողները հասկանան, որ իրենց բալիկին օրթոպեդիկ կոշիկներ են անհրաժեշտ. ցուցումներ բժշկից
Aysor.am-ի զրուցակիցն է օրթոպեդ-վնասվածքաբան Երեմ Պողոսյանը։
- Պարոն Պողոսյան, ինչպե՞ս պետք է ծնողները հասկանան, որ իրենց բալիկին ոչ թե սովորական, այլ օրթոպեդիկ կոշիկներ են անհրաժեշտ։
- Օրթոպեդիկ կոշիկների անհրաժեշտությունը որոշվում է բժիշկ-օրթոպեդի կողմից։ Ծնողները հաճախ նկատում են, որ նոր քայլել սկսող բալիկը ոտքերն անհամաչափ է դնում, թեքում է դեպի ներս, թաթերի վրա է քայլում կամ այլ որևէ շեղում։
Պետք է հիշել, որ այդ տարիքում երեխաների ոտնաթաթերը դեռ լիարժեք ձևավորված չեն, և, մկանակապանային ապարատի անկայունության հետ կապված՝ երեխաների մեծ մասի մոտ նկատվում են նման երևույթներ։ Այդպիսի դեպքերում ցանկալի է բժիշկ-օրթոպեդի զննություն անցնել, ով էլ կորոշի անհրաժեշտ է երեխային հագնել օրթոպեդիկ կոշիկներ, թե ոչ։
- Այսինքն՝ օրթոպեդիկ կոշիկները կիրառվում են բացառապես բուժական նպատակով։
- Այո, օրթոպեդիկ կոշիկները կիրառվում են բուժական նպատակով, երբ առկա են ոտնաթաթի, սրունք-թաթային հոդի ախտահարարումներ և դեֆորմացիաներ, դրանց օգտագործման ցուցումը դնում է բժիշկ-օրթոպեդը։ Դրանց զուգահեռ, շուկայում վաճառվում են նաև «օրթոպեդիկ» անվամբ պրոֆիլակտիկ նպատակով կիրառվող կոշիկներ, որոնց օգտագործումից առաջ ևս անհրաժեշտ է խորհրդակցել և անցնել զննություն բժիշկ-օրթոպեդի կողմից։
- Պարոն Պողոսյան, ի՞նչ կոնկրետ խնդիր են լուծում մանկական օրթոպեդիկ կոշիկները։
- Ինչպես արդեն ասացի, օրթոպեդիկ կոշիկները բուժական նշանակություն ունեն, կարող են տարբերվել իրենց կառուցվածքով։ Կառուցվածքային առանձնահատկությունների ընտրությունը կատարում է բժիշկ-օրթոպեդը՝ ելնելով երեխայի մոտ առկա խնդրից։
Դրանք հիմնականում ֆիքսում են մեկ կամ ավել հոդեր՝ մասնակի կամ լիովին «բլոկավորում» են դրանք։
- Կա՞ որոշակի տարիք, երբ երեխաները պետք է օրթոպեդիկ կոշիկներ կրեն՝ շտկելու հայտնաբերված առողջական խնդիրը։
- Տարիքային սահմանափակում չկա։ Երբ հայտնաբերվի խնդիր և դրվի ցուցում, կարելի է կրել։ Չբարդացած դեպքերում հնարավոր է նշանակվեն պրոֆիլակտիկ բնույթի կոշիկներ՝ խուսափելու համար խնդրի խորացումից և հետագա բարդություններից։ Այդպիսի կոշիկներն ազատ վաճառքի են, կարող են օգտագործվել նաև առողջ բալիկների համար։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։