20/05/2022 09:55
«Հրապարակ». Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետևեն Սամվել Բաբայանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քառասունչորսօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարապուրդն այսօր կխախտվի․ հանձնաժողովը նիստ է հրավիրել, եթե անակնկալներ չլինեն, ապա այսօր, կարելի է ասել, աշխատանքային առաջին նիստը կգումարվի։
Հիշեցնենք, որ հանձնաժողովը ձևավորվել է դեռևս փետրվարին, մինչ օրս մեկ նիստ են արել ու անցել ընդհատակ։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս ընթացքում լրատվամիջոցներին ասում էր, որ աշխատակարգն են քննարկում, ՊՆ-ից նյութեր պահանջում, երբ այդ ամենը վերջացնեն, կսկսեն բուն աշխատանքները։ Ընդդիմադիրները, ինչպես հայտնի է, բոյկոտել են աշխատանքները, փոխարենը իշխանությունների հույսը որոշ արտախորհրդարանականներ են:
Նախատեսված է, որ այսօրվա նիստին պետք է մասնակցեն Դավիթ Սանասարյանն ու Նորայր Նորիկյանը, մինչդեռ մեր աղբյուրներն ասում են, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի՝ հանձնաժողովից հեռացումը խառնել է որոշ խաղաքարտեր: Իշխանությունն ամեն ինչ անում է, որ հանկարծ Դավիթ Սանասարյանն ու Նորիկ Նորիկյանը չհետևեն Բաբայանին»։