20/05/2022 18:45
«Մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ դուք ո՛չ եք ասում կապիտուլյանտին, ասում եք՝ ո՛չ երկիրը նոր զիջումների տանելուն»․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփեց այսօր կայացած բողոքի և խաղաղ անհնազանդության ակցիաները՝ նշելով․ այսօր Լիտվայի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիները շատ հստակ փոխանցեցին այն ուղերձը, որ օրվա իշխանությունը չի արտահայտում հայ ժողովրդի կամքն ու չունի որևէ լեգիտիմություն։
Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ նաև պայքարի առաջիկա ծրագրերին՝ տեղեկացնելով․ վաղը՝ մայիսի 21-ին, ժամը 18։00 –ին մեծ հանրահավաք է կայանալու, որին քաղաքացիների մասնակցությունը շատ կարևոր է։ Մայիսի 22-ին Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև բանակցություններից առաջ պետք է բարձրաձայնել, որ Հայաստանը նոր զիջումների չի գնալու։
«Մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ դուք ո՛չ եք ասում կապիտուլյանտին, մասնակցելով վաղվա հանրահավաքին՝ ասում եք՝ ո՛չ երկիրը նոր զիջումների տանելուն և, ամենակարևորը, մասնակցելով վաղվա հանրահահավաքին՝ շատ հստակ ուղերձ եք հղում ամբողջ աշխարհին, որ այս մարդն, ով ժողովրդին մոլորեցնելով, հայտնվել է իշխանության ղեկին, այլևս չունի որևէ մանդատ ժողովրդի անունից խոսելու, ՀՀ-ն ներկայացնելու։ Բրյուսելյան այցից առաջ վաղվա հանրահավաքը շատ կարևոր է։
Վաղը կներկայացնենք նաև մեր պատկերացումները, սկզբունքները, տեսակետները, հայեցակարագային մոտեցումները արցախյան հիմնախնդրի և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու շուրջ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ մայիսի 21-ի ծավալուն աշխատանքներն ու այսօրվա եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Ֆրանսիայի հրապարակում 19։00-ին հանրահավաք տեղի չի ունենա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում