20/05/2022 15:28
Ոստիկանությանը կոչ ենք արել անհարկի ուժ չկիրառել, բայց նման դեպքերի արձանագրումը դեռ չի նշանակում, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա. Լին Թրեյսի
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին համաձայն չէ այն դիտարկման հետ, թե իրենք լռում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ։
«Թույլ տվեք չհամաձայնել, որ մենք լռում ենք, մեր կողմից արդեն իսկ արձագանք եղել է, մենք կոչ ենք արել ոստիկանությանը պատշաճ գործելակերպ դրսևորել, անհարկի ուժ չկիրառել», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը։
Թրեյսին ասաց, թե ցուցարարներին էլ կոչ են արել խաղաղ ձևով անցկացնել իրենց բողոքի ակցիաները։
«Փողոց դուրս եկած բոլոր կողմերին՝ ցուցարարներին, ոստիկաններին, կոչ ենք անում, որ հարգանք դրսևորեն իրադարձությունները լուսաբանող լրագրողների նկատմամբ, որոնք իրականացնում են իրենց պարտականությունները», - նշեց ԱՄՆ դեսպանը։
Նա ասաց, թե ոստիկանության կողմից պատրաստակամություն կա բողոքների հետ կապված քննություն իրականացնել։
«Դա է հենց ժողովրդավարությունը, երբ կա հաշվետվողականություն։ Ժողովրդավարությունը բոլորովին կատարյալ չի կարող լինել, ու ժողովրդավարական շատ հասարակարգերում մենք տեսնում ենք ժողովրդավարության հետ կապված խնդիրներ, ու մշտական ջանքեր են անհրաժեշտ՝ այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Նման դեպքերի արձանագրումը դեռ չի նշանակում, որ ժողովրդավարություն չկա, դա նշանակում է, որ քաղաքացին կարող է խնդիրը բարձրացնել ու կառավարությունը այդ խնդրով քննություն կիրականացնի ու պատասխանատվություն կապահովի», - հայտարարեց դեսպան Թրեյսին։
Նա ասաց, թե Հայաստանի ժողովրդավարական ճանապարհը իր համար ուրախալի է ու հուսադրող։