20/05/2022 13:42
Ինձ ասում են՝ «սա՞ է ձեր ժողովրդավարությունը». հանրահավաքներում ուժի կիրառման վերաբերյալ տեսանյութերը պետք է քննության ենթարկվեն. ԱՄՆ դեսպան
1992 թվականից սկսած՝ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլարի աջակցություն, որը միտված է հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը, «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Նա նշեց, թե ԱՄՆ-ն լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։
«Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական կառույցների հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը», - ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն փաստում է Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական գործընթացներում։
ԱՄՆ դեսպանը խոսեց նաև ոստիկանությունում բարեփոխումների մասին։
«Հետևելով, թե ինչ է տեղի ունենում հանրահավաքների, ցույցերի ընթացքում, պարզ է, որ կան մտահոգություններ, տեսել ենք հաղորդումներ, տեսել ենք տեսանյութեր ուժի կիրառման վերաբերյալ, այս ամենը պետք է քննության ենթարկվի։ Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու մոտեցում կա», - ասաց Թրեյսին։
Նա ասաց, թե ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային կամ անկանոն իրավիճակ ու չի խախտում մյուսների իրավունքները։
«Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, որովհետև գիտեն, որ ԱՄՆ-ն ներգրավված է, ինձ ասում են՝ «սա՞ է ձեր ժողովրդավարությունը, ո՛չ, ժողովրդավարությունը ինչ-որ իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է», - ասաց նա։
Դեսպանն ընդգծեց, թե իրենք էլ ունեն իրենց մարտահրավերները. ոստիկանների վարքագիծը, պահվածքը ևս մի ուղղություն է, որտեղ մշտապես խնդիրներ կան ու սա ձգտում են բարելավել։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ի հեճուկս բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի առաջ, հասարակությունը և կառավարությունը ժողովրդավարության արժեքներին հանձնառու են ու միտված են մարդկանց կենսամակարդակը բարելավվելուն», - հավելեց դեսպան Թրեյսին։