20/05/2022 09:46
«Ժողովուրդ». ԱԽ նիստում ուշադրություն է դարձվել ՌԴ այցին և ներքաղաքական հարցերին, իսկ սահմանային անվտանգության հարցե՞րը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ օրը քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթին այդ անակնկալ նիստից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, սակայն հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ կներկայացնենք մի քանի դրվագներ միայն: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ խոսել է Մոսկվա կատարած այցի և այնտեղ իր անցկացրած հանդիպումների մասին: Այնուհետև անցում է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկումներին:
Մասնավորապես, ուժային համակարգի ներկայացուցիչները զեկուցել են իրավիճակը վարչապետին և ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության թիվը չի ավելանում: Եվ, չնայած նրանց հուսադրող տեղեկություններին, վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան և երեկոյան իրեն զեկուցել իրավիճակը: Ստացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առավելապես ուշադրություն է դարձվել ՌԴ այցին և ներքաղաքական հարցերին. սահմանային անվտանգության հարցերը, կարծես թե, ստվերվել են:
Հիշեցնենք, որ, բացի ԱԽ անդամներից, այդ նիստին մասնակցել են նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Ընդգծենք, որ նախկինում, երբ ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանն էր, նմանօրինակ նիստերին նա, որպես կանոն, չէր մասնակցում»։