20/05/2022 17:22
Ե՛վ տուբերկուլյոզ, և՛ քաղցկեղ ունեցող հիվանդների 96.4 տոկոսը նախկինում ունեցել է ծխելու բավական մեծ տևականություն. Մասնագետ (Տեսանյութ)
Հայաստանում՝ ի թիվս Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ այլ երկրներում, մայիսի 31-ին նշվում է «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն օրը նշում է 1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000 թ.-ից:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործումը և դրա հետևանքով առաջացած հիվանդացության և մահացության բարձր ցուցանիշներն ստեղծում են առողջապահական լուրջ խնդիրներ:
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Aysor.am-ը զրուցել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական, դոցենտ, ֆթիզիատր Լյուբով Նիկոլայանի հետ։
«Գիտական աշխատանքները փաստում են՝ շատ օրգան համակարգեր ենթարկվում են ծխախոտի վնասակար ազդեցությանը, մասնավորապես, սրտի իշեմիկ հիվանդությունը ծխողների շրջանում 20 և ավելի անգամ ավելի հաճախ է հանդիպում, սրտամկանի ինֆարկտը նույնպես 30 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան՝ չծխողների շրջանում։
Մեր օրերում մահվան առաջատար պատճառների տասնյակում քաղցկեղը և տուբերկուլյոզն իրենց հաստատուն տեղն ունեն, և եթե նման միտումը պահպանվի, ապա մինչև 2030 թվականն այդ միտումը կբերի առավել մեծ թվով մարդկային կյանքեր տանելուն», - ասում է մասնագետը։
Նրա խոսքով՝ հետազոտությունները վկայում են նաև այդ երկու հիվանդությունների զուգորդման մասին։
«Թոքաբանության ազգային կենտրոնում այդպիսի աշխատանք կատարեցինք և պարզվեց, որ և՛ տուբերկուլյոզ, և՛ քաղցեղ ունեցող հիվանդների 96.4 տոկոսը նախկինում ունեցել է ծխելու բավական մեծ տևականություն»։
Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացության առումով կա բավականին ուրախացնող՝ ցածր ցուցանիշ։
«Վերջին տարիների ընթացքում աստիճանաբար նվազման միտում ցուցաբերելով, այժմ ունենք 13.3 տոկոս ցուցանիշ։ Մահացության տոկոսը նույնպես զգալիորեն պակասել է։ Եթե նախորդ տարիների հետ համեմատենք, ապա 4 և ավելի անգամ և՛ հիվանդացությունն է կրճատվել, և՛ մահացությունը։
Տուբերկուլյոզի հարուցիչը միշտ էլ ակտիվ է՝ եթե հակազդող միջոցներ չկան. մոլորակում յուրաքանչյուր երրորդը վարակվածություն ունի, դա նշանակում է, որ նա առնչվել է տուբերկուլյոզի հարուցիչի հետ։ Այլ է հարցը, թե դա երբ է բազմանում այն աստիճանի, որ կարող է բերել հիվանդացության։ Դա լինում է այն դեպքերում, երբ մակրոօրգանիզմի դիմադրողականությունն անկում է ապրում», - ասում է Լյուբով Նիկոլայանը։
Տուբերկուլյոզով հիվանդացության սեռերի արտահայտված տարբերություն կա, այն հաճախ գրանցվում է տղամարդկանց շրջանում։ Մահաբերությունը նույն միտումն է պահպանում։ Մահվանը, ինչպես և հիվանդացությանը, նպաստում է ՄԻԱՎ-ի առկայությունը:
«Շատ ավելի արդյունավետ է, եթե որևէ հիվանդություն հայտնաբերում ենք սկրինինգային ճանապարհով։ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ռազմավարական ծրագիրը նախատեսում է, որ ազգաբնակչության շրջանում պետք է սկրինինգային հետազոտություններ անցկացնենք և արդեն առանձնացվել են առավել խոցելի թիրախային խմբերը», - նշում է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդականը։
Նրա խոսքով՝ տարեկան 800 գրամ խեժ է անցնում ծխող մարդու թոքերով.
«Խեժը միայն կպչուն նյութ չէ, այն իր մեջ պարունակում է բազմաթիվ թունավոր նյութեր ևս»։
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ծխախոտին, մասնագետի խոսքով, թվում է, թե այն ավելի անվնաս է, մինչդեռ ամենամեծ վնասն այն է, որ այն սպանում է հիվանդի՝ ծխելը թողնելու վճռականությունը.
«Ամերիկյան գիտնականներն ապացուցել են, որ Էլեկտրոնային ծխախոտ ծխողի բերանի թքի մեջ 3 անգամ ավելի շատ են վնասակար նյութերը, քան՝ չծխողների։
Ճիշտ է, այդտեղ վերջնական այրում, ինչպես գլանակի պարագայում, տեղի չի ունենում, բայց ջերմային ազդեցություն տեղի է ունենում և շատ անվնաս նյութեր այդ ոչ լիարժեք այրման պայմաներում դառնում են վնասակար»։