21/05/2022 19:00
Եղերդակ (ցիկորի). բույսի բուժիչ և օգտակար բաղադրությունը
Եղերդի արմատի բուժիչ հատկությունները վաղուց տարածվել են ավանդական բուժողների կողմից, և արդեն որոշ ժամանակ է՝ դրանք գրավում են դեղագործների ուշադրությունը։
Եղերդակի արմատի բաղադրության մեջ առկա երկաթը և կալիումը օգտակար են սրտի և անոթային պաթոլոգիաների, աթերոսկլերոզի դեպքում: Բույսի բաղադրության մեջ առկա B վիտամինները դրական են ազդում նյարդային գործունեության վրա, բարձրացնում են տրամադրության տոկունությունը: Եղերդակը խթանում է նաև ախորժակն ու վերացնում այրոցը, բարելավում ստամոքս-աղիքային տրակտի գործունեությունը։
Բույսն ունի բուժիչ և օրգանիզմը բալանսավորող մի շարք հատկություններր՝
գործում է որպես հակաբորբոքային, հակամանրէային միջոց
բարելավում է նյութափոխանակությունը, վերականգնում է լյարդի բջիջները
խթանում է լեղու արտազատումը, արագացնում է լեղապարկի քարերի տարրալուծումը
նվազեցնում է խոլեստերինի մակարդակը
ունի միզամուղ ազդեցություն
օգնում է նիհարել, կանխում է շաքարախտի զարգացումը
Օգտակար հատկությունները դրսևորվում են նաև արտաքին օգտագործման դեպքում։ Վերջին ուսումնասիրությունները ապացուցել են բույսի հակաուռուցքային ազդեցությունը: Բուժիչ նյութեր են պարունակում նաև ծաղիկները, տերևները և սերմերը։ Բժշկության համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ինտիբին նյութը։
Եղերդի արմատի օգտակարությունը որոշվում է բաղադրիչների հարստությամբ և բազմազանությամբ:
Բույսի մեջ պարունակվում են՝
ինուլին (60-70%)՝ բնական պոլիսաքարիդ
օրգանական թթուներ և բուսական յուղեր
սպիտակուցներ և վիտամիններ
կարոտին, մակրո և միկրոտարրեր
Եղերդակը շատ օգտակար է ավելորդ քաշի, նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Դիաբետով հիվանդների համար այն փոխարինում է և՛ շաքարին, և՛ օսլային, ամրացնում է իմունային համակարգը և բարելավում նյութափոխանակությունը։ Խելամիտ չափաբաժիններով օգտագործելիս, բույսը օգուտ է բերում բոլորին՝ ներառյալ երեխաներին և հղիներին:
Եղերդակի օգտագործումը ճանաչված է նաև խոհարարության մեջ՝ սուրճի ամբողջական փոխարինողի տեսքով։ Որոշ երկրներում արմատը, ցողունը թխում են և եփում։ Տերևների գործածումը՝ որպես աղցանի բաղադրիչ, ավելի քիչ տարածում ունի, սակայն, ընդհանուր առմամբ, եղերդակը իրավամբ համարվում է և՛ սննդամթերք, և՛ բուժիչ խոտ:
Բույսն օգտագործվում է նաև կոսմետիկ արտադրության մեջ՝ վերականգնելով մաշկն ու ապահովելով երիտասարդ տեսք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։