21/05/2022 21:32
Կապկի ծաղիկ. տեսականորեն էպիդեմիայի վտանգ կա. մարդկանց մեծ մասն իմունիտետ չունի հիվանդության դեմ
Կապկի ծաղիկի և բնական ծաղիկի վիրուսները նույն ընտանիքին են պատկանում։ Բնական ծաղիկը մարդկությունը հաղթահարեց 1980-ական թվականներին պատվաստումների շնորիհիվ։ Համարվում է, որ հիվանդությունն այլևս չկա։
Բնական ծաղիկի պատվաստումները մարդուն պաշտպանում էին նաև կապկի ծաղիկից։ Քանի որ վերջին 40 տարում կարիք չի եղել կիրառել բնական ծաղիկի պատվաստումները, մեծացել է կապկի ծաղիկի տարածման հավանականությունը հիմնականում մինչև 40 տարեկան անձանց շրջանում, որոնք չեն պատվաստվել և չունեն իմունիտետ, Aysor.am-ի հետ զրույցում ասում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանը։
«էպիդեմիայի տեսական վտանգ կա, քանի որ մարդկությունը չունի վիրուսի հանդեպ իմունիտետ։ Հիվանդությունը բնական ծաղիկի համեմատ այնքան էլ վտանգավոր չէ, բայց առավել վտանգավոր է և ծանր է ընթանում ջրծաղիկի համեմատությամբ», - ասում է նա։
Հիմնական ախտանշանները՝ ջերմություն, գլխացավ, թուլություն, ցան, լիմֆատիկ հանգույցների մեծացում։
Վարակաբանն ասում է՝ հիվանդության գաղտնի շրջանը տևում է 5-ից 20 օր։ Ցանը սկսվում է դեմքի շրջանում. նախ կետային ցան է (մակուլա), ապա դրանք դառնում են հեղուկով լցված պարկեր (վեզիկուլա), որոշ ժամանակ անց դառնում են թարախային բշտեր (պուստուլա), ապա կեղևակալում են, վերջնական փուլում՝ թափվում։
Հիվանդությունը կարող է տևել մինչև մեկ ամիս։ Հիվանդությունը վարակիչ չի համարվում կեղևների թափվելուն պես։
Հատուկ բուժում չունի, նշանակվում է օժանդակող բուժում։ Տարածվում է կոնտակտային և կաթիլային ճանապարհով։ Մարդուց մարդ փոխանցվում է սերտ կոնտակտի դեպքում։ Վարակաբանն ասում է՝ ջրծաղիկի համեմատ պակաս վարակիչ է, հիվանդության մահացությունը կարող է հասնել մինչև 10 տոկոս:
Առաջին ահազանգերը ստացվել են Մեծ Բրիտանիայի սեռավարակներով զբաղվող հաստատություններից. կան տվյալներ, որ հաստատում են՝ հիվանդության խոցելի խմբում են հոմոսեքսուալները, բիսեքուսալները։ Վարակման դեպքեր արդեն հայտնաբերվել են առնվազն 10-ը երկրում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։