21/05/2022 19:40
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու վերաբերյալ իրենց պատկերացումները
Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացված 6 առաջարկները չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը, մենք դրանք ամբողջությամբ մերժում ենք, Ֆրասիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։
Նա ըստ կետերի ներկայացրեց իրական և արժանապատիվ խաղաղության հասնելու վերաբերյալ իրենց պատկերացումներն ու առաջարկները․
«44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանին մարտավարական առումով անհրաժեշտ է ․
1․ Զերծ մնալ շտապողական, վտանգավոր և ճակատագրական կտրուկ քայլերից, մինչև աշխարհաքաղաքական տագնապալի իրավիճակի հարաբերական կայունացումն ու հստակեցումը։
2․ Ձևավորել անվտանգային այնպիսի մթնոլորտ, որը կանխատեսելի և ընկալելի կինի ռազմավարական դաշնակցի և տարածաշրջանային ու միջազգային այլ կարևոր գործընկերների համար՝ նոր աշխարհակարգի ստեղծման պայմաններում անվտանգային, արդյունավոտ և հայանպաստ մեխանիզմների ապահովման նպատակով։
3․ Ռազմական, ռազմաարդյունաբերական, տեխնոլոգիական, տնտեսական և ենթակառուցվածքային բոլոր ուղղություններով անհապաղ մշակել և կյանքի կոչել հեռանկարային և ռազմավարական հայեցակարգ։
4․ Համախմբել համայն հայության ողջ ներուժը։ Սփյուռքը պետք է դառնա մասնակից և պատասխանատու՝ համահայկական օրակարգերի, խնդիրների կենսագործման համար»։
Սրանք մենք համարում ենք շատ կարևոր և սկզբունքային հարցեր, նշեց Իշխան Սաղաթելյանը։