21/05/2022 09:55
«Հրապարակ». Այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել, նա գնդակի պես մի դարպասից մյուսն է շպրտվում։ Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր ապրիլի 4-5-ը։ Իշխանական առաջին դեմքերին մոտ կանգնած անձը մեզ հետ զրույցում նկատեց, որ Արևմուտքի և Ռուսաստանի պահանջները մի քանի կետով համընկնում են, որոշ հարցերում` տարբերվում: Երկու կողմն էլ Փաշինյանից պահանջում է շուտափույթ կնքել չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակել ճանապարհները և հնարավորություն տալ Ադրբեջանին ու Թուրքիային՝ Հայաստանի միջով ճանապարհ ունենալու: Սակայն մի էական տարբերությամբ` Արևմուտքը պարտադրում է համաձայնել Ադրբեջանի պահանջներին և Արցախից հրաժարվել, թույլ տալ, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում համատեղ ապրեն, հետագայում՝ գուցե մի 15 տարուց այդ խնդրին անդրադառնալու հեռանկարով և պայմանով, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից: Դրա դիմաց Արևմուտքը խոստանում է ապահովել արցախցիների կյանքի իրավունքն ու Հայաստանի մնացած մասի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ռուսաստանը պնդում է` ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ առանց Արցախի կարգավիճակի:
Հայտարարում է, որ Արցախի խնդիրն այլևս ձերը չէ, դուք ձեր հարաբերությունները կարգավորեք Ադրբեջանի հետ և ձեր բանակը վերականգնեք, ինչին պատրաստ է ամեն ինչով աջակցել: Ակնհայտ է, որ Արևմուտքն այնքան մեծ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա ու ստիպում կատարել բրյուսելյան հանձնառությունները, որ Փաշինյանն այլևս չի կարողանում մանևրել, և մոտ է այն պահը, երբ պետք է հստակ ընտրություն կատարի Արևմուտքի և ՌԴ-ի միջև: Տեսնենք, թե այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու»։