21/05/2022 19:19
Ինչու՞ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում, կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում․ Տիգրան Աբրամահյան
«Վերջին 1 ամսվա ընթացքում, ինչ ակտիվացել է պայքարը, իշխանությունը տարբեր քարոզչական նյութերի համացանցում մեկնաբանությունների միջոցով այստեղ հավաքված մարդկանց անընդհատ ասում է՝ եթե հայրենասեր եք, գնացեք «պոստ» պահելու։ Հիմա բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են, որ այստեղ հավաքված մարդիկ պետք է գնան պոստեր պահելու, ուզում եմ հետևյալ հարցադրումն անել՝ դուք առհասարակ տեղյա՞կ եք, որ սա պետություն է»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց՝ պետությունն ու պետական կառույցներն իրենց բուն պարտականություններն ունեն, ոստիկանության զորքերը՝ նույնպես։ Հենց նրանց մասին էր 4 տարի առաջ վարչապետ Փաշինյանն ասում, որ պետք է գնան սահմանում ծառայության։
«Չեմ հասկանում, այսինքն՝ ամեն մարդ կարող է առավոտյան արթնանալ, որոշել, որ պետք է գնա «պո՞ստ» պահի։ Ինչպես Փաշինյանն էր ժամանակին իր հայտնի «լայվում» ասում՝ տնից վերցնի իր սաղավարտը, զրահաբաճկոնն ու գնա դիրք պահելու՞։ Բա պետությունը, պետական կառույցներն ինչի՞ համար են։ Բա ոստիկանության զորքե՞րը, որ 4 տարի առաջ պոպուլիզմի մեջ թաթախված՝ ասում էիք՝ ոստիկանության զորքերն այսուհետև պետք է «պոստ» պահեն։ Բա ինչու՞ ոստիկանության զորքերը կամ «պոստ» չեն պահում կամ ընդհանուր ներուժի 10-15 տոկոսով են պահում»,- հարց հնչեցրեց Տիգրան Աբրահամյանը։