21/05/2022 13:25
«Միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ». իրավապահները խուզարկում են Արթուր Վանեցյանի օգնականի բնակարանը, ով օգնել էր մուրացկաններին (Տեսանյութ)
Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում:
«Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է», - ասաց փաստաբանը:
Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում:
«Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին», - լրագրողներին ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տարածվեց տեսանյութ:
Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է. արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով: