21/05/2022 14:56
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրին մասնակցել է շուրջ 75 դպրոց
«Երևան իմ սեր» հիմնադրամում տեղի է ունեցել «Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի հաշվետու հանդիպումը, որը կազմակերպել էր ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը:
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի և ծրագրին մասնակցած Երևանի ու ՀՀ տարբեր մարզերի 75 դպրոցների ներկայացուցիչներ։
ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ծրագրին մասնակից դպրոցներին և ուսուցիչներին․ «ԿԶՆԱԿ-ի նախաձեռնությունը կյանքի չէր կոչվի, եթե դուք չկարևորեիք երեխաների՝ ընթերցանության հմտությունները զարգացնելու և կարդացածը վերարտադրելու կարողությունները՝ փորձարկելով նոր մեթոդներ։ Ժամանակն արագ է ընթանում, ինֆորմացիան շատ մեծ ծավալների է հասնում, հետևաբար դպրոցը պետք է գտնի նոր ու արդյունավետ ձևեր երեխաների հետ աշխատելու համար։ Բարդ ու պատասխանատու է մտնել փորձարկվող ծրագրի մեջ, և ինքդ դառնալ առաջնորդող մյուս մանկավարժների համար»,-ասել է նախարարի տեղակալը՝ ուսուցիչներին շնորհակալություն հայտնելով խիզախության, նախաձեռնողականության և ներդրած ջանքերի համար։
«Դուք ձեր աշխատանքի գնահատանքն առաջին հերթին տեսնում եք ձեր երեխաների մեջ, որոնց կարդացած ամեն մի տեքստը և արձանագրած արդյունքն անչափ ոգևորիչ են։ Երբ աշխատանքն արվում է որակյալ և նոր արդյունքներ գրանցելու համար, հավատացե՛ք, այն մեզ ևս ոգևորում է՝ հանրակրթության բովանդակային կարևորագույն փոփոխությունների ճանապարհին»,-փաստել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ Տավուշում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչները շուտով կմտնեն բոլոր դպրոցներ, որը, ըստ փոխնախարարի, դժվար, սակայն արդյունավետ գործընթաց է՝ նոր մեթոդների և գործիքակազմի շնորհիվ։
«Դուք մեր աջակիցներն ու օգնականներն ենք այդ գործընթացում, կամ հակառակը՝ մենք են ձեր օգնականը, քանի որ իրականում այդ փոփոխություններն անում եք դուք, և առանց ձեզ մենք չենք կարող դրանք տեղ հասցնել։ Վստահեցնում եմ, որ մենք ունենք բավարար հաստատակամություն՝ իրականացնելու այդ փոփոխությունները և մեր երեխաների համար ապահովելու լավագույն կրթությունը։ Իսկ դա հնարավոր է, քանի որ նրանց դասավանդում են ձեզ պես ուսուցիչներ, և դպրոցները կառավարում են ձեզ պես տնօրեններ»,-դիմելով ներկաներին՝ շեշտել է փոխնախարարը։
Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ նմանատիպ նախաձեռնություններին մասնակցած դպրոցներին և ուսուցիչներին նախարարությունը խրախուսելու է նաև այլ գործիքակազմերով՝ մեծապես գնահատելով այդ աշխատանքը։
«Ընթերցանությունը տարրական դպրոցում» ծրագրի նպատակներն են հանրակրթության տարրական աստիճանում սովորողների ընթերցանության որակի բարելավումը, ընթերցողական և լեզվական գրագիտության կարողունակությունների ձևավորումն ու զարգացումը, ընթերցանության և խոսքի մշակույթի որակի բարելավմամբ հանրակրթական բոլոր առարկաների յուրացման արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև ընթերցանության միջոցով համամարդկային ու ազգային արժեքների դաստիարակումը։
Ծրագրի իրականացման ընթացքում նախ կատարվել է դպրոցների հայտագրում և ընտրություն, որը եղել է կամավորության սկզբունքով՝ փոքր խմբով։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվել է 5 դպրոցից կազմված փոքր խումբ, ապա կնքվել են համագործակցության հուշագրեր: Մասնագիտական թիմերի համար իրականացվել է վերապատրաստման դասընթաց, իսկ 2-րդ դասարաններում՝ ընթերցանության տեխնիկայի նախնական ստուգում՝ ըստ տրված գործիքակազմի: Որպես չափանիշներ՝ սահմանվել են ընթերցանության արագությունը, սահունությունը, ճշգրտությունը, ընկալումը և արտահայտչականությունը։ Ընդհանուր մեթոդական միավորումների ստեղծմամբ իրականացվել է թիմային աշխատանք, փորձի արագ փոխանակում, ինչպես նաև աշխատանքի արդյունքների համատեղ քննարկում և վերլուծություն։
Ծրագրի հաշվետու հանդիպմանը ուսուցիչները ներկայացրել են նախագծի հաջողություններն ու դժվարությունները, ինչպես նաև հանդես են եկել տարբեր առաջարկություններով։ Որպես ծրագրի հաջողություններ՝ ուսուցիչները նշել են ընթերցանության որակի բարելավումը, մրցակցության մեծացումը, գրադարանի հետ կապի ամրապնդումը, գրքերի քննարկումը, խմբային աշխատանքը, ինչպես նաև ծնողների և այլ դպրոցների հետ համագործակցությունը։ Որպես հիմնական դժվարություններ՝ նրանք մատնանշել են աշակերտների կենտրոնացման և դասարանների խտության հարցերը։ Ուսուցիչները կարևորել են ծրագրի շարունակականությունը և բարձր դասարաններում ևս այն իրականացնելու անհրաժեշտությունը։
Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են տվյալների վերլուծության, մշտադիտարկման և արտաքին գնահատման արդյունքները։ Արտաքին գնահատում անցած դպրոցներին հանձնվել են ԿԶՆԱԿ-ի շնորհակալագրեր՝ ծրագրին արդյունավետ մասնակցության համար։