21/05/2022 19:57
«Մինչև խաղաղության պայմանագրի կնքումը պետք է հասցեագրվեն Արցախի տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»․ Սաղաթելյան
ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը Ֆրասիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների հաստատման իրենց պատկերացրած օրակարգը։
«Իրական խաղաղության, հաշտեցման և համագոյակցության ապահովմանը պետք է անպայման նախորդեն չլուծված խնդիրների վերաբերյալ փոխհամաձայնություններ, ուստի Հայաստանը պետք է առաջարկի հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգը բաժանել երկու փուլի։
Առաջինը՝ հարաբերությունների կարգավորման սկզբունքների հստակեցում և համաձայնեցում, երկրորդը՝ բուն խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ և անհրաժեշտության դեպքում՝ պայմանագրի կնքում»,- ասաց Սաղաթելյանը։
Նա հավելեց՝ իրենք միշտ են ասել, որ կողմ են խաղաղությանը, բայց այն չպետք է լինի հայրենազրկման, հայ ժողովրդի կենսական շահերը զիջելու գնով։
«Հաջորդ իշխանությունը, որը պետք է հանդես գա հայանպաստ դիրքերից, շատ կարևոր քայլեր պետք է ձեռնարկի։
Անհրաժեշտ է երկու կողմերի հավատարմությունը միջազգային հիմնարար սկզբունքներին, այդ թվում՝ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը։
Մինչև հավանական խաղաղության պայմանագրի կնքումը առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո»,- ասաց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետության համար պետք է ուղենիշային լինի Գերագույն խորհրդի 1992 թվականի հունիսի 8-ի՝ Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառող որոշումը։
«Ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքի օգտագործմամբ սահմանագծման և սահմանազատման գործընթացը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Նախքան սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և հետագայում սահմանագծման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացին՝ բացառելով առանց Հայաստանի հետ հուսալի կապի՝ Արցախի անկլավային վիճակը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև հայտարարեց՝ որպես բանակցությունների մեկնարկ և լարվածության մթնոլորտի թուլացում, Ադրբեջանը պետք է վերադարձնի բոլոր ռազմագերիներին, պատանդներին և ապօրինի պահվող անձանց։