23/05/2022 18:50
Ինչպե՞ս հաղթահարել մանկական վախը մթությունից` կօգնի հասկանալ հոգեբանը
Շատ երեխաներ վախենում են մթությունից, չեն կարողանում քնել` գտնվելով չլուսավորված մանկական սենյակում. հաճախ խնդրում են քնել ծնողների հետ։
Մթությունից մանկական վախի հաղթահարման և դրանում ծնողների դերի մասին Aysor.am-ը զրուցել է մանկական հոգեբան Լիլիթ Այվազյանի հետ։
«Առաջին հերթին ծնողները պետք է օգնեն իրենց երեխային հաղթահարել մթության հանդեպ վախը։ Շատ ծնողներ խուսափում են երեխայի հետ խոսել վախերի մասին՝ մտածելով, որ խոսելը հակառակ արդյունք կտա: Բայց, իրականում, խոսելով երեխայի հետ իր ֆոբիայի մասին, մեծահասակները կօգնեն հասկանալ վախի բուն պատճառը և հաղթահարել այն: Մի՛ փորձեք երեխային բացատրել իր բոլոր վախերը մեկ զրույցի ընթացքում, նա պետք է սովորի ինքնուրույն հաղթահարել դրանք»,-ասաց մանկական հոգեբանը:
Երեխային իր վախերը հաղթահարելու գործընթացում անհրաժեշտ է մեծերի աջակցությունն ու ներկայությունը։ Երեխային քնեցնելիս, օրինակ, ծնողները կարող են մնալ ննջասենյակում՝ մինչև երեխան կքնի, կամ պարբերաբար մտնեն ներս՝ համոզվելու, որ ամեն ինչ կարգին է։ Այդպիսով նա կզգա ծնողի ներկայությունը, և դա կօգնի արագ հաղթահարել մթության վախը։
«Երբեմն ծնողները ծիծաղում են իրենց երեխայի վախերի վրա, կամ ընդհանրապես հրաժարվում են լսել՝ համարելով, որ երեխան ապահով է, որ դա պարզապես իր երևակայության արդյունքն է։ Սա սխալ մոտեցում է. պետք է երեխային ասել, որ մթության մեջ առարկաները մնում են նույնը, հրեշներ չկան: Կարելի է երեխայի հետ մթության մեջ շրջել սենյակում և ցույց տալ առարկաները. «այստեղ մահճակալն է, սրանք խաղալիքներ են և այլ»: Եվ այդ ժամանակ փոքրիկը կհասկանա, որ վախենալու ոչինչ չունի, որ բոլոր մտավախություններն անհիմն են»,- մանրամասնեց Լիլիթ Այվազյանը։
Հոգեբանը նշեց նաև, որ հաճախ երեխաները փորձում են ինքնուրույն հաղթահարել իրենց վախերը և ծնողներին խորհուրդ տվեց քնելուց առաջ երեխայի կողքին դնել իր սիրելի փափուկ խաղալիքը, որպեսզի փոքրիկն իրեն ապահով զգա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։