23/05/2022 18:10
Միգրեն. ախտանշանները, բուժումը
Միգրենը նյարդաբանական ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է. միակողմանի տրոփող գլխացավ է, նոպան կարող է տևել մի քանի ժամից մինչև 3 օր։
Ուղեկցվում է լուսաձայնային զգայունությամբ, պուլսացիայով, սրտխառնոցով, փսխումով, ցավի զգացումն արտահայտվում է ճակատի, քունքերի, աչքերի հատվածում։ Ի տարբերություն լարվածության գլխացավի՝ միգրենն ազդում է աշխատունակությանը, կենսակերպին։ Քրոնիկ միգրենի նոպաները կարող են լինել ամեն օր։
Առանձնացվում է միգրենի երկու հիմնական տեսակ՝ աուարայով և առանց աուրայի։
Աուրան գլխացավի նոպան սկսվելուց առաջ հիվանդի կանխազգացումն է: Այն կարող է դրսևորվել տեսողական խանգարումներով, աչքերի առջև երևացող տարբեր լուսային էֆեկտներով, թմրածության զգացումով՝ դեմքի կեսի շրջանում, մատների ծայրերում։ Շատ կարևոր է միջնոպայական շրջանում կանխարգելիչ բուժումը։
Միգրենի զարգացման պատճառ կարող են լինել լարվածությունը, շնչառական, հորմոնալ խնդիրները, սթրեսները, ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը, մարսողական խանգարումները։
Ախտորոշումն արվում է կլինիկական նշանների հիմամբ, կարևոր է նաև գանգուղեղային հետազոտությունը՝ ժխտելու համար գլխուղեղի օրգանական ախտահարումը։
Բուժման երկու հիմնական տարբերակ է առանձնացվում՝ դեղորայքային և ոչ դեղորայքային։ Դեղորայքայինն էլ բաժանում ունի՝ սուր նոպայի բուժման համար նախատեսված և պրոֆիլակտիկ բուժում։ Ոչ դեղորայքային բուժումը միգրեն հարուցող գործոնների բացառումն է (համապատասխան կենսակերպ, ճիշտ սննդակարգ, աշխատանքային միջավայր)։
Եթե հազվադեպ են գլխացավերը՝ թեկուզ ուժգին, իրականացվում է սուր բուժում՝ նոպան կառավարվում է հիվանդի համար ամենաարդյունավետ դեղորայքով։ Եթե հաճախանում են նոպաները՝ ամսվա ընթացքում 10-15 օր և ավելի, ցավազրկողների պգտագործումը չի խրախուսվում՝ կարող է հակառակ ազդեցությունН ունենալ. առաջանում են չարաշահման գլխացավեր։ Ցավազրկողների չարաշահման դեպքում դետոկսիկացիոն բուժում է արվում։
Չկա միջոց, որ կզրոյացնի գլխացավերը, բայց լավ արդյունք է համարվում, երբ 50-ից 70 տոկոսով նվազում են գլխացավով օրերը։
Խոցելի խմբում կանայք են՝ հորմոնալ ֆոնով պայմանավորված։ Դաշտանային ցիկլի դեպքում նոպան կարող է լինել նախորդող օրերին կամ ցիկլի ընթացքում, շատ հաճախ միգրենի նոպաներ լինում են միայն այդ օրերին։
Միգրենը տարիքի հետ մեղմանում է, հազվադեպ են դառնում նոպաները։ Մինչ այդ, որպեսզի հիվանդությունը կենսակերպը չխաթարի, կարևոր է ժամանակին ախտորոշելը, սուր բուժումը ճիշտ կազմակերպելը, ճիշտ պահին պրոֆիլակտիկ բուժման անցնելը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։