23/05/2022 18:30
Ռևմատոիդ արթրիտ (հոդաբորբ). նպաստող գործոնները, ախտանշանները
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն հիվանդություն է. դրսևորվում է դաստակների, ոտնաթաթերի մանր հոդերի արթրիտներով, արտահոդային դրսևորումներ ևս կան։ Առավել բնորոշ է կանանց, հաճախ դրսևորվում է 40-ից 55 տարեկանում։
Առավել հաճախ ախտահարվում են դաստակների և ոտնաթաթերի մանր հոդերը. կոնքազդրային, արմնկահոդերը, ծնկահոդերը, ուսահոդերը ևս ախտահարվում են։
Ախտանշանները՝
• Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
• Թուլություն
• Հոգնածություն
• Քաշի նվազում
• Մանր հոդերի սիմետրիկ արթրիտները
• Ցավը
• Առավոտյան կարկամությունը
Հիվանդության առաջացման պատճառներն ամբողջությամբ նկարագրված չեն, գործոններից դիտարկվում են ժառանգականությունը, ինչպես նաև որոշ արտաքին գործոններ։ Հայտնի է, որ ցուրտ, խոնավ եղանակային պայմաններում կարող է դիտվել սրացում։ Հիվանդության առաջացման, ծանր ընթացքի, բարդացումների հիմնական «մեղավորներից» է նաև ծխախոտը։
Ախտահարվում են նաև ներքին օրգանները. շնչառական համակարգի բոլոր անատոմիական հատվածները կարող են ախտահարվել ռևմատոիդ արթրիտի հետևանքով, առաջանում են՝
• Պլևրիտ
• Բրոնխոլիտ
• Թոքերի ինտերստիցիալ ախտահարում
• Թոքային հիպերտենզիա
Սրտի բոլոր անատոմիական հատվածները ևս կարող են ախտահարվել ռևմատոիդ արթրիտի հետևանքով։
Հիվանդության ախտորոշման համար կարևոր է կլինիկական զննումը, հոդերի ուլտրաձայնային հետազոտությունը, ռենտգենը, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)։ Ժամանակին չախտորոշելու, հիվանդության տևական ընթացքի հետևանքով կարող են առաջանալ ձևախախտումներ, որ հանգեցնում են հաշմանդամության։ Կարևոր է հիշել՝ ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն ունի ռևմատոիդ արթրիտի դեպքում. նվազեցնում է հոդերի ցավը։
Ռևմատոլոգիական հիվանդությունների մեծ մասը անբուժելի է. հիվանդությունը քրոնիկական է, ընթանում է սրացումներով-դադարներով։ Բժշկի առաքելությունն է օգնել հիվանդին հաղթահարել սրացումնը, ինչպես նաև կանխել հետագա բարդացումները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։