23/05/2022 19:10
Ոչ ավանդական բժշկություն. վստահե՞լ, թե ոչ
Ոչ ավանդական բժշկությունը մարդկանց շրջանում ոչ միանշանակ ասոցիացիաներ է առաջացնում. ոմանք անվերապահորեն վստահում են այլընտրանքային մեթոդներով բուժմանը, ոմանք՝ կտրականապես մերժում բուժման ոչ դասական մեթոդները՝ իրենց դիրքորոշումը բացատրելով ապացուցողական հիմքերի բացակայությամբ։
Aysor.am-ի թղթակիցը ոչ ավանդական բժշկության թեմայով զրուցել է այդպիսի կենտրոններից մեկի ռեֆլեքսոթերապևտ Արա Խաչատրյանի հետ։
Մասնագետի խոսքով՝ կլասիկ բժշկությունը հերքում է ոչ ավանդական բժշկությունը, իսկ մեջտեղում շահում են ոչ պրոֆեսիոնալները, այսպես ասած՝ հեքիմները, որոնք, մարդու ողնաշարը «ճտացնելով» կամ ոտքից կապած պարանն ուժեղ քաշելով, իբր բուժում են այս կամ այն հիվանդությունը։
«Այստեղից էլ սկսվում է անվստահությունը։ Դասկան բժշկությունը ոչ ավանդական բժշկությանը չի վստահում, քանի որ կլասիկ բժիշկները չեն սիրում պացիենտի հետ երկար աշխատել՝ խորհրդատվություն, դեղորայք և վերջ։
Իսկ ահա այլընտրանքային բժշկությունը՝ կլինի դա տզրուկաբուժություն, բուսաբուժություն, թե ապարատային բուժում, ձգտում է բուժել կոնկրետ հիվանդին, ոչ թե հիվանդությունը։ Մենք բուժման ընթացքում դեղեր չենք նշանակում, եթե անգամ նշանակում ենք, ապա բացառապես բուսական ծագման», - ասաց Արա Խաչատրյանը՝ հավելելով, որ իրենց կենտրոն այցերի քանակից դատելով՝ հայ հասարակությունը բավական վստահում է ալտերնատիվ բժշկությանը։
Անդրադառնալով ոչ ավանդական բժշկության հասանելիության հարցին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ լիցենզավորված կենտրոններում միջին վիճակագրական հիվանդությունների՝ օրինակ՝ պարանոցային օստեոխոնդրոզի ապարատային բուժումը, կետային մերսումները, ասեղնաբուժությունը, բավական մատչելի են՝ 3000-5000 դրամ, սակայն որոշ պրոցեդուրաներ էժան համարել չես կարող։
Ըստ Արա Խաչատրյանի՝ քիչ չեն նաև դեպքերը, երբ պացիենտը խաբեության զոհ է դառնում։
«Երևանի կենտրոնում ոչ ավանդական բժշկության մի կենտրոն կար, որտեղ հակաթութքային քսուկ էին առաջարկում։ Մեկ սրվակի գինը 50 հազար դրամ էր։ Հակաթութքային հայտնի դեղամիջոցներից մեկից ոչ մի բանով չէր տարբերվում։ Շատ ժամանակ ուղղակի այդ դեղի սրվակից լցնում են իրենց տարաների մեջ և վաճառում որպես իրենց պատրաստած դեղամիջոց»,- ասաց մեր զրուցակիցը։
Վերջում Արա Խաչատրյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այլընտրանքային բժշկությունը թույլատրվում է երեխաներին։
«Նայած, թե որ ճյուղի մասին ենք խոսում։ Օրինակ՝ կինեզոթերաիան թույլատրված է 0 տարեկանից։ Հոմեոպաթիան՝ ևս»,- ասաց նա։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։