23/05/2022 19:55
«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ»․ բանակցությունների վերաբերյալ Արցախի իշխանությունների դիրքորոշումը
Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ Նախագահի ու Ազգային ժողովի կողմից, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ հավելելով, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը․
1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։
2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։
3․ Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։
Արցախի Հանրապետության Նախագահի խոսնակի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։