23/05/2022 11:18
Արցախի ԱԺ նախագահը Երևանում է. նա հայտարարել է, թե կարևոր քննարկում է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ
Երևանում գտնվող՝ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 23-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՀ կառավարության Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի, ինչպես նաև այդ պահին Շտաբում ներկա գտնվող տեղահանված շրջանների տարբեր խմբերի հետ:
Ա. Թովմասյանը ներկայացրել է վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած քննարկումները, անդրադարձել հատկապես իր ելույթին, որով նա, մասնավորապես, դիմել է ԱՀ կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել որոշումն առ այն, որ հուլիսի 1-ից պետք է դադարեցվի բռնազավթված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատած տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը և նշել, որ այդ և նմանատիպ այլ հարցերի շուրջ առավել կարևոր քննարկում է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Նա համոզված է, որ նախագահի հանձնարարականներից բխող որոշումներ են ընդունվելու այդ ուղղությամբ՝ ապահովելով սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախապատրաստական աշխատանքների ամփոփումը վերջնափուլում է, որպեսզի մեկնարկի թե՛ տեղահանված շրջանների առանձին ընտանիքների, թե՛ զոհված կամ անհայտ բացակայող ունեցող ընտանիքներին սերտիֆիկատներ տրամադրելու գործընթացը:
Ա. Թովմասյանը մտահոգություն է հայտնել տեղահանված բնակչության շրջանում շրջաններին ու ենթաշրջաններին յուրահատուկ ավանդույթների ու մշակութային տարատեսակ շերտերի հետագա ճակատագրի առումով՝ խիստ կարևորելով այդ արժեքների պաշտպանությունը, որը, ըստ նրա, մեր բոլորիս խնդիրն է: Ոչ հեռավոր անցյալում նման խնդիր էր ծառացել Շահումյան-Գյուլիստանի մասով, և նման խնդիր է հանդիսանում Հադրութ-Դիզակի նյութական և ոչ նյութական ժառանգության պահպանումը:
Միքայել Վիրաբյանը նշել է, որ փորձ է արվում ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում ապրող տեղահանված արցախցիների շրջանում մատաղ սերնդի ազգային-մշակութակրթական դաստիարակությունը և համակողմանի աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին:
Ոչ պակաս կարևոր է տեղահանված շրջանների՝ կրթամշակութային ոլորտների նախկին պատասխանատուների և աշխատակիցների հետ համագործակցությամբ, ինչպես նաև եղած խմբերի հին ու նոր սաների ներգրավմամբ տարբեր ձևաչափի մշակութային միջոցառումների կազմակերպումը, ինչը եղել է քանիցս:
Օգտագործելով հարմար առիթը՝ Միքայել Վիրաբյանն ԱՀ ԱԺ խոսնակին հրավիրել է առաջիկայում նախաձեռնող խմբերի աջակցությամբ կայանալիք երեխաների օրվան նվիրված միջոցառմանը՝ որտեղ, ի դեպ, կլինի նաև բարբառային ներկայացում: