23/05/2022 17:42
Շառլ Միշելի հայտարարության մեջ Հայաստանն ընկալվում է որպես Խորհրդային Հայաստանի սահմաններում իր գոյությունը շարունակող պետություն. Քաղաքագետ
Հայ-ադրբեջանական բանակցությունների ողջ ընթացքն ու բովանդակությունը անընդունելի և չափազանց վտանգավոր են Հայաստանի համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ ամենակործանարարը, ինչը կա և դեռ լինելու է հայկական կողմի համար, ուղղակիորեն ածանցվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթին։
«Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Հայաստանն ընկալվում է որպես Խորհրդային Հայաստանի սահմաններում իր գոյությունը շարունակող պետություն։ Մինչդեռ խորհրդային ապօրինի վարչական սահմանների ընդունումը մահացու է Հայաստանի ապագայի համար, որովհետև Խորհրդային Հայաստանի ապօրինի սահմանը ցեղասպանական մասնատման հետևանք է», - ասաց Ալեքսանդր Քանանյանը։
Անդրադառնալով հայտարարության՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ կետին՝ քաղաքագետը նկատեց՝ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաղորդակցության մեկնարկը հանգեցնելու է թուրքական տնտեսական և ժողովրդագրական կայծակնային գործընթացների։
«Սա ընդամենը մոտեցնելու է մեր պետական ոչնչացման՝ առանց այդ էլ վերահաս վտանգը», - ասաց Քանանյանը։
Ինչ վերաբերում է Արցախի ապագային, մեր զրուցակիցը շեշտեց՝ ցանկացած ոտնձգություն՝ Արցախը դիտելու ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս, հակապետական և հակասահմանադրական է, ինչը, սակայն, հայկական կողմը կարծես չի ընկալում։