24/05/2022 13:54
«Մետոտրեքսատ», «Լեֆլյունոմիդ». Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման մեջ լայնորեն կիրառվող բազիսային դեղերը
Aysor.am-ը շարունակում է Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտին նվիրված հրապարակումների շարքը։ Այդ շարքին հետևելով՝ դուք կծանոթանաք այս հիվանդության առաջացման պատճառներին, ախտանշաններին, դրսևորման տարբեր ձևերին, հիվանդության տեսակներին, բուժման և խնամքի առանձնահատկություններին։
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի բուժման մեջ լայնորեն կիրառվող դեղերի մի խումբ կոչվում է բազիսային դեղեր, կամ հիմնական դեղեր, կամ հիվանդության ընթացքի վրա ազդող դեղեր։ Ի տարբերություն սիմպտոմատիկ (ախտանշանային) դեղերի՝ այս խումբը հնարավորություն է տալիս կանխել ընդհանուր հիվանդության զարգացումը, երբեմն ունենալ կայուն երկարատև ռեմիսիա՝ հիվանդության հետ զարգացում։
Այս դեղերց ամենհաճախ օգտագործվողը «Մետոտրեքսատն» է։
«Մետոտրեքսատը» մանկական պրակտիկայում սկսվել է օգտագործվել շատ տարիներ առաջ տարբեր հիվանդությունների բուժման համար: Սկզբում այն ստեղծվել էր որպես հակաքաղցկեղային դեղամիջոց, քանի որ ընդունակ էր դանդաղեցնելու բջիջների բաժանումը (պրոլիֆերացիա): Այս ազդեցությունը նշանակալի է միայն բարձր դոզաների դեպքում: Ցածր դոզաներով օգտագործելիս, ինչպես դա արվում է ռևմատիկ հիվանդությունների բուժման ժամանակ, «Մետոտրեքսատի» հակաբորբոքային ազդեցության մեխանիզմներն այլ են: Այդպիսի փոքր դեղաչափերով օգտագործելիս կողմնակի ազդեցությունների մեծամասնությունը, որոնք բնորոշ են բարձր դեղաչափերի համար, կամ չեն առաջանում, կամ շատ ավելի թեթև են լինում և դրանց կառավարելն ավելի հեշտ է:
«Մետոտրեքսատը» լինում է երկու ձևով՝ հաբերի և ներարկման լուծույթի: Այն ընդունում են շաբաթական մեկ անգամ՝ միշտ շաբաթվա միևնույն օրը: Ֆոլաթթվի նշանակումը «Մետոտրեքսատի» ընդունումից 24 ժամ հետո նվազեցնում է որոշ կողմնակի ազդեցությունների զարգացման հավանականությունը: Ներմուծման ձևը և դեղաչափը որոշվում է բժշկի կողմից՝ կախված երեխայի վիճակից: Հաբերն ավելի լավ են ներծծվում, եթե դրանք ընդունում են ուտելուց առաջ, սովորաբար, ջրով: Ներարկումները կատարվում են ենթամաշկային, ինչպես ինսուլինի ներարկումները շաքարային դիաբետի ժամանակ, սակայն կարող են տրվել նաև միջմկանային կամ, շատ հազվադեպ, նաև ներերակային եղանակով: Ներարկումների առավելությունն այն է, որ դեղի ներծծումն ավելի լավ է կատարվում և ստամոքսի գրգռման երևույթներ ավելի հազվադեպ են առաջանում:
Բուժումը երկարատև է: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս դեղի ընդունումը շարունակել հիվանդության ռեմիսիա առաջանալուց հետո՝ ամենաքիչը ևս 6-12 ամիս:
«Մետոտրեքսատով» բուժվող երեխաների մոտ կողմնակի ազդեցություններ, որպես կանոն, հազվադեպ են զարգանում. դրանք են՝ սրտխառնոցը, փսխումը և փորացավերը: Դրանց առաջացումը հնարավոր է մեղմացնել՝ դեղը երեկոյան քնելուց առաջ ընդունելով: Ֆոլաթթու կոչվող վիտամինի զուգահեռ նշանակումով հնարավոր է կանխել այս կողմնակի ազդեցությունների առաջացումը: Երբեմն արդյունավետ է լինում «Մետոտրեքսատի» ընդունումից առաջ և հետո հակափսխումային որևէ դեղ ընդունելը կամ հաբերի ընդունումը ներարկումով փոխարինելը: Այլ կողմնակի երևույթներից հնարավոր են բերանի լորձաթաղանթի վրա խոցիկների առաջացումը, կամ, ավելի հազվադեպ, մաշկի ցանի առաջացումը:
Հազը և շնչառական խնդիրները հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններ են երեխաների մոտ: Արյան բջիջների քանակի նվազումը սովորաբար աննշան է: Լյարդի երկարատև ախտահարումը (լյարդի ֆիբրոզ) երեխաների մոտ խիստ հազվադեպ է առաջանում, քանի որ այլ հեպատոտոքսիկ (լյարդի վրա ազդող վնասակար գործոնները), ինչպիսին է ալկոհոլի չարաշահումը, երեխաների մոտ բացակայում են: Սովորաբար «Մետոտրեքսատի» ընդունումը ժամանակավոր դադարեցնում են, եթե ի հայտ է գալիս արյան մեջ լյարդային ֆերմենտների մակարդակի բարձրացում և վերսկսում են, երբ դրանք նորմալանում են: «Մետոտրեքսատով» բուժման ընթացքում պարտադիր է կանոնավոր կերպով արյան քննությունների կատարումը: Ինֆեկցիաների ռիսկը երեխաների մոտ առանձնապես բարձր չէ:
Կարևոր խնդիրներ կարող են ի հայտ գալ, երբ երեխան դառնում է դեռահաս։ Անհրաժեշտ է խստիվ խուսափել ալկոհոլի ընդունումից, քանի որ վերջինս կարող է բարձրացնել «Մետոտրեքսատի» վնասակար ազդեցությունը լյարդի վրա: «Մետոտրեքսատը» կարող է վնասակար ազդեցություն ունենալ պտղի վրա, այդ պատճառով պարտադիր է պահպանել հակաբեղմնավորիչ միջոցների օգտագործումը, երբ անձը դառնում է պտղաբերության տարիքի:
«Մետոտրեքսատը» ցուցված է հիմնական մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ՝ Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտ․ Յուվենիլ Դերմատոմիոզիտ, Յուվենիլ Համակարգային Կարմիր Գայլախտ, Օջախային Սկլերոդերմիա:
Հաջորդ դեղը, որ կիրառվում է բազիսային բուժման մեջ, «Լեֆլյունոմիդն» է։
«Լեֆլյունոմիդը» այլընտրանքային տարբերակ է «Մետոտրեքսատի» նկատմամբ անտանելիություն ունեցող հիվանդների համար: Ինչևիցե, մանկական արթրիտի համար այս դեղի օգտագործման փորձը փոքր է և այն հաստատված չէ կարգավորող մարմինների կողմից:
«Լեֆլյունոմիդը» նշանակվում է հաբերի ձևով։ Այս և նմանատիպ բոլոր դեղերի նշանակումը և դեղաչափի ընտրությունը կատարվում է միայն համապատասխան մասնագետի կողմից, ինչպես որ դեղի նշանակումը կարող է փոփոխվել հենց նշված մասնագետի կողմից։ Յուվենիլ արթրիտի բուժման բազիսային դեղերի նշանակումը չի կարող կատարվել կամ փոփոխվել կամայական բժշկի կողմից, քանի որ նման միջամտությունները կարող են բերել հիվանդության սրացման և երեխայի վիճակի կտրուկ վատացման։
Քանի որ «Լեֆլյունոմիդը» համարվում է խիստ տեռատոգեն դեղ (կարող է առաջացնել զարգացման արատներ պտղի մոտ ), իգական սեռի հիվանդները պետք է ունենան հղիության թեսթի բացասական արդյունքներ մինչև այս բուժումը սկսելը և օգտագործեն համապատասխան հակաբեղմնավորիչներ: Կողմնակի ազդեցություններն են՝ լուծը, սրտխառնոցը, փսխումը: Տոքսիկ ազդեցություն ի հայտ գալու դեպքում ցուցված է բուժում բժշկի հսկողությամբ՝ համապատասխան դեղերով։ «Լեֆլյունամիդը» կիրառվում է մանկական ռևմատիկ հիվանդությունների ժամանակ, մասնավորապես, Յուվենիլ Իդիոպաթիկ Արթրիտի ժամանակ, չնայած որ, այն չունի հաստատված ցուցում։
Հետևեք մեր հրապարակումներին և ծանոթացեք Յուվենիլ արթրիտի բուժման մեջ կիրառվող դեղերին, ինչպես նաև վերականգնողական միջոցառումներին։