24/05/2022 19:10
Հորմոնալ դիսբալանս․ ինչպե՞ս է արտահայտվում և ե՞րբ է պետք դիմել բժշկի օգնությանը
Հորմոնները շատ կարևոր դեր են կատարում յուրաքանչյուր կնոջ կյանքում՝ սկսած սեռահասունացման տարիքից։ Դրանք պատասխանատու են քնի որակի, սեռական ցանկության, վերարտադրողական առողջության, ախորժակի և օրգանիզմում կատարվող այլ պրոցեսների համար։
Այդ պատճառով շատ կարևոր է հորմոնալ հավասարակշռությունը պահպանելը։ Սակայն երբեմն դժվար է լինում հետևել օրգանիզմում կատարվող փոփոխություններին և կարճ ժամանակում հասկանալ, որ հորմոնալ ֆոնը խախտված է։
5 հիմնական ախտանիշներ կան, որոնք հուշում են հորմոնալ դիսբալանսի մասին։ Դրանց առկայության դեպքում էլ պետք է դիմել մասնագետի օգնությանը՝ օրգանիզմը կարգի բերելու և նորմալ կենսակերպի վերադառնալու համար։
Դեմքի մաշկին հանկարծակի հայտնված ցանը հուշում է, որ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում։ Անդրոգեն հորմոնների ֆոնին ցանը կարող է տարածվել նաև ամբողջ մարմնով մեկ։ Այդ դեպքում պետք է դիմել մասնագետին ու հանձնել անհրաժեշտ անալիզներ։
Գերքրտնարտադրությունը նույնպես կարող է հորմոնների հետ կապված խնդրի պատճառով առաջանալ։ Որոշ հորմոններ վերահսկում են կնոջ մարմնի ջերմաստիճանը, իսկ խախտումների դեպքում այդ ջերմաստիճանը փոփոխվում է։ Այս երևույթը ավելի հաճախ հանդիպում է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ, երբ հորմոններն սկսում են անկանոն արտազատվել։
Առանց էական պատճառների նկատելիորեն գիրանալը կամ ավելորդ քաշի առկայությունը նույնպես կարող է հորմոնների հետ կապված խնդրի պատճառով լինել։ Օրգանիզմն այդ ժամանակ ճարպի պաշար է հավաքում, իսկ մկանային զանգվածը պակասում է։ Էստրոգենի և կորտիզոլի բարձր մակարդակի դեպքում ճարպ կարող է կուտակվել մարմնի տարբեր հատվածներում։
Մազաթափությունն ինքն իրենով վկայում է, որ առողջության հետ կապված խնդիրներ կան։ Վահանաձև գեղձի հորմոնների կամ ինսուլին հորմոնի խախտումների դեպքում կարճ ժամանակում հնարավոր է զրկվել շքեղ մազերից, իսկ տեստոստերոնի բարձր մակարդակի դեպքում՝ նույնիսկ ճաղատանալ։ Այս ամենը կարելի է կանխել՝ ժամանակին բժշկին դիմելու դեպքում։
Օրգանիզմն արտադրում է նաև այնպիսի հորմոններ, որոնք պատասխանատու են քաղցի զգացողության և ախորժակի համար։ Այդ հորմոնների խախտման դեպքում քաղցի զգացողությունը կարող է անընդհատ հետապնդել կնոջը, իսկ ախորժակն՝ անկառավարելի դառնալ։ Դա իր հերթին հանգեցնում է գիրության։ Այս ախտանշանը ևս հուշում է, որ մասնագետի ճիշտ ցուցումներին հետևելով՝ հարկավոր է կարգի բերել հորմոնալ ֆոնը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։