24/05/2022 18:10
Ինչու՞ է օրգանիզմին անհրաժեշտ կալիումը և մթերքի ո՞ր տեսակներն են հարուստ այդ հանքանյութով
Կալիումը անփոխարինելի միներալ է, որը նպաստում է նյարդային համակարգի բնականոն գործունեությանը, պահպանում է սրտի առողջությունն ու մկանային տոնուսը։
Կալիումը նաև էլեկտրոլիտ է, իր մեջ պարունակվող էլեկտրական փոքր լիցքի շնորհիվ ակտիվացնում է օրգանիզմի բջջային ու նյարդային ֆունկցիաները, նաև պահպանում է հեղուկի անհրաժեշտ քանակը բջիջներում և արյան նորմալ ճնշումը, օգնում է մկաններին կծկվել։
Մարդկանց մեծամասնությունը բավարար քանակությամբ կալիում չի ստանում սննդից։ Կալիումի պակասը լրացնելու համար անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը։
Կալիումով հարուստ են չորացրած և թարմ մրգերը, բանջարեղենը, կաթը, լոբազգիները, ձուկը։
Կես բաժակ ծիրանաչիրն, օրինակ, 1101 միլիգրամ կալիում է պարունակում, սակայն այն պատրաստելիս հաճախ շաքար են ավելացնում։ Ամենօրյա սննդակարգում պետք է գործածել առանց շաքարի պատրաստված ծիրանաչիրը։ Այն կարելի է ուտել և՛ որպես աղանդեր, և՛ ավելացնել ուտեստների մեջ։
Կեղևազատված կես ավոկադոն (68 գրամը) 345 միլիգրամ կալիում է պարունակում։ Այն օգտակար է հատկապես արյան բարձր ճնշում ունեցողների համար։ Նման դեպքերում հաճախ անհրաժեշտ է լինում ավելացնել կալիումի քանակն օրգանիզմում՝ զուգահեռաբար նվազեցնելով նատրիումինը (աղ)։ Ավոկադոն հենց այսպիսի իրավիճակների համար է․ այն շատ քիչ նատրիում է պարունակում և անհրաժեշտ քանակով կալիում։
Կարտոֆիլը նույնպես հարուստ է կալիումով․ մեկ միջին չափի կարտոֆիլը մոտավորապես 610 միլիգրամ կալիում է պարունակում։ Կարտոֆիլը պետք է եփել կեղևով։
Ոսպը հարուստ է ոչ միայն կալիումով, այլև բջջանյութով ու սպիտակուցներով։ Մեկ բաժակ եփած ոսպը 731 միլիգրամ կալիում է պարունակում։ Ավելի ճիշտ կլինի եփելուց առաջ ոսպը 30 րոպե թրջել ջրի մեջ, ինչը կօգնի նվազագույնի հասցնել ոսպում պարունակվող հակասնուցիչները։
Ձկան որոշ տեսակներ ևս կալիում են պարունակում։ Կես խաշած ձողաձուկը (треска) 154 գրամ կալիում է պարունակում, ինչն ապահովում է մարդու համար անհրաժեշտ օրական նորմայի 12 տոկոսը։ Կես խաշած սաղմոնը (лосось) նույնքան կալիում է պարունակում և ապահովում է օրական նորմայի 21 տոկոսը։
Կաթը նույնպես հարուստ է կալիումով։ Մեկ բաժակ կաթը 366 միլիգրամ կալիում է պարունակում։ Կաթնամթերքի այլ տեսակներ ևս հարուստ են այս նյութով։ Ցածր յուղայնությամբ յոգուրտն, օրինակ, օրգանիզմը կարող է ապահովել 240 միլիգրամ կալիումով։
Սալորի չիրը կամ սալորի հյութը հարուստ են բջջանյութով․ շատերը դրանք օգտագործում են մարսողությունը կարգավորելու համար։ Սալորի չիրը և սալորի հյութը, սակայն, հարուստ են նաև կալիումով։ Մեկ բաժակ հյութը 707 միլիգրամ կալիում է պարունակում, իսկ կես բաժակ սալորաչիրը՝ 699 միլիգրամ։ Սալորի չիրը հարուստ է նաև վիտամիններով ու հակաօքսիդանտներով։ Այս դեպքում ևս չպետք է մոռանալ, որ սալորաչիրը պետք է առանց շաքարի պատրաստված լինի։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։