24/05/2022 19:30
Փսորիազ. ախտանշանները, բուժումը
Փսորիազը մաշկային քրոնիկ, աուտոիմուն (պայմանավորված է իմունային համակարգի սխալ աշխատանքով) հիվանդություն է: Կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, վարակիչ չէ։
Հիվանդությունը կարող է ախտահարել մարմնի բոլոր հատվածները, բացառությամբ դեմքի (եզակի դեպքեր են)։ Առավել հաճախ փսորիազը «տեղակայվում» է հոդերի տարածիչ մակերեսներին (արմնկային հոդ, ծնկային հոդ), ինչպես նաև գլխի մազածածկույթին (մազածածկ և ոչ մազածածկ հատվածի սահմանին). առաջանում են մաշկից քիչ բարձրացող թեփոտվող օջախիկներ, որ կարող են միաձուլվել՝ ձևավորելով մեծ օջախներ՝ վահանիկներ, կամ տարածվել առանձին-առանձին (կաթիլային փսորիազ)։ Քորը բնորոշ չէ փսորիազին։
Հիվանդության առաջացման պատճառները վերջնական նկարագրված չեն։ Հիմնական գործոն համարվում է ժառանգականությունը։ Նպաստող գործոններից են նաև սթրեսը, ավելորդ քաշը, ծխախոտը։
Ախտորոշել հնարավոր է ինչպես զնմամբ, այնպես էլ գործիքային հետազոտություններով, մաշկի հյուսվածքաբանական հետազոտությամբ։ Արյան հետազոտությամբ, մաշկից քերուկ վերցնելով հնարավոր չէ ախտորոշել փսորիազ։
Հիվանդության հիմնական բարդացումները պայմանավորված են սխալ բուժումով. մեկ դեղահաբով, մեկ ներարկումով միանգամից հնարավոր չէ բուժել, դեռ չկա վերջնական բուժում։ Հիվանդության սրացման շրջանում պետք է փափկացնող, թեփազերծող բուժումներով հասնել կայունացման, ապա նոր բուժել. քիչ դեղորայքով՝ առավել դրական արդյունք՝ առավել քիչ կողմնակի ազդեցություններով։
Հնարավոր բուժումն արվում է ախտահարման մակերեսը, առաջացման ժամկետները հաշվի առնելով։ Փոքր մակերեսների դեպքում կիրառվում են տեղային միջոցներ։ Ծանր դեպքերում նշանակվում է դեղորայքային բուժում, լուսաբուժություն։ Բուժման ընթացքին ամենակարևորը հոգեբանական ադապտացիան է. հիվանդության հետ «ընկերանալը», դրական տրամադրվածությունը նպաստում է արագ ապաքինմանը։
Հիվանդությունը խիստ սեզոնային է. հնարավոր են սրացումներ ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը։
Եթե կա քաշի ավելցուկ, պետք է անել ամեն ինչ քաշը նվազեցնելու համար։ Սննդակարգում հստակ սահմանափակումներ չկան՝ անհատական է ամեն բուժառուի համար։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։