24/05/2022 17:33
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ զրույցում տպավորություններն է կիսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են ՀՀ կառավարությունից։
«Պետքարտուղարը բարձր է գնահատել տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելուն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը տպավորություններն է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ՝ ընդգծելով, որ թեև հանդիպումը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում, հանդիպումից հետո, ցավոք, հնչել են քննարկումների բովանդակության հետ կապ չունեցող մեկնաբանություններ:
Պետաքարտուղարը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Հայաստան-Ադրբեջան սահմանների դեմարկացիային, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը և տարածաշրջանային կայունության հաստատմանը:
Անդրադարձ է կատարվել նաև հատուկ ներկայացուցիչների մակարդակով Հայաստան-Թուրքիա քննարկումների ընթացքին:
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները»,- նշված է հաղորդագրությունում: