24/05/2022 18:44
Շառլ Միշելի հայտնվելը և նախկինում եղած կոլեկտիվ միջնորդական բանակցային հարթակի «անէացումը» Բաքվին ստարտային լավագույն պայմաններն է ապահովում բանակցային այս նոր փուլում. Արման Մելիքյան
Aysor.am-ի զրուցակիցն է Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
- Պարոն Մելիքյան, ի՞նչ կարծիք և դիտարկումներ ունեք Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ վերջին հանդիպման վերաբերյալ։
- Կարելի է փաստել, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը մասնակիորեն իր վրա է վերցրել հենց պարոն Շառլ Միշելը: Ուշագրավն այն է, որ այսկերպ կենսագործվում է նախագահ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության անիմաստ լինելու վերաբերյալ թեզը: Շառլ Միշելի հայտնվելն ու նախկինում եղած կոլեկտիվ միջնորդական բանակցային հարթակի «անէացումը» Բաքվին ստարտային լավագույն պայմաններն է ապահովում բանակցային այս նոր փուլում:
Մենք պետք է նկատի ունենանք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ԵՄ-ն ադրեջանական էներգակիրների խիստ կարիքն ունի, և Բաքուն արդեն իսկ համապատասխան խոստումները տվել է:
- Ինչպե՞ս եք գնահատում Միշելի հայտարարության կետերը։
- Շառլ Միշելի կողմից հնչեցված կետերը դիտարկում եմ ԵՄ-ի՝ Ադրբեջանից ունեցած նավթագազային ակնկալիքների համատեքստում: Ընդ որում, ԵՄ-ն հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների իրականացման լիարժեք երաշխավորը լինել չի կարող, քանի որ մեր տարածաշրջանում ռազմական ներկայություն չունի:
Դրա փոխարեն այսօր արցախահայության անվտանգության երաշխավորի դերում է հանդես գալիս ռուսական խաղաղապահ զորակազմը, իսկ ՀՀ տարածքային անվտանգության երաշխավոր կազմակերպությունն էլ ՀԱՊԿ-ն է: Այսինքն, ստիպված ենք ենթադրել, որ միջնորդական ջանքերի հաջողությունն ապահովելու համար ԵՄ-ն Ռուսաստանի հետ համագործակցություն է ակնկալում մեր տարածաշրջանում: