24/05/2022 14:14
«Թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն շեղել չի ստացվել». Ալեն Սիմոնյանն ընդունել է չեմպիոն Աշոտ Ադամյանին
Մայիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աշխարհի և Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանի խնդրանքով ընդունել է նրան:
Շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի՝ ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երեւալ եւ ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:
Սպորտի վարպետը տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով մեր հիմնով և հաղթանակով:
Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում ևս թուրք և ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն նրան շեղել չի ստացվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել:
Մարզիկը նշել է նաև, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում և սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն նկատառմանը, թե արդյոք սա նրա վերջնական քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջևում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ:
Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզաձևի հեռանկարներով՝ ևս մեկ անգամ շնորհավորելով Աշոտ Ադամյանին նշանակալի հաջողություն գրանցելու առթիվ և իր կողմից հուշանվեր է հանձնել: