24/05/2022 16:43
Արցախի կարգավիճակի մասին շատ հստակ գրված է Շառլ Միշելի երեկվա հայտարարության տեքստում՝ մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում. Արմեն Բադալյան
ՀՀ իշխանությունները մշտապես փորձում են խուսանավել Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցից կամ խուսափողական պատասխաններ տալ։ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի արտահայտությունը, որ «Արցախի կարգավիճակի հարցն այսօր թողնված է անորոշ ապագային», հենց այս տրամաբանությա մեջ է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«Այս արտահայտությունն իրականությանը չի համապատասխանում. Արցախի կարգավիճակի մասին շատ հստակ գրված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի երեկվա հայտարարության տեքստում։ Այնտեղ պարզ շարադրված է, որ Արցախն ընդամենն Ադրբեջանի կազմում մշակութային ինքնավարության կարգավիճակ է ունենալու։
Հայտարարության մեջ առկա է «էթնիկ հայ բնակչություն» արտահայտությունը, բայց ոչ «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» եզրույթը։ Սա նշանակում է, որ էթնիկ հայ բնակչության կարգավիճակը լինելու է բացառապես մշակութային կարգավիճակ», - ասաց քաղտեխնոլոգը։
Արմեն Բադալյանի խոսքով՝ երբ իշխանական պատգամավորը հայտարարում է, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային, սրանով փորձում է խաբել կամ հիմարեցնել հասարակությանը։
«Բացի Արցախի կարգավիճակից՝ հայտարարությունների մեջ շատ հստակ գրված է, այսպես ասած, անկլավների մասին։ Իհարկե, հայտարարություններում «անկլավ» բառը չկա, բայց խոսքը Տիգրանաշենի և Տավուշի մարզի մի քանի գյուղերի մասին է։ Իսկ թե ինչ կասեն իշխանության ներկայացուցիչները՝ ոչինչ չի նշանակում, որովհետև ՀՀ իշխանությունն այս հարցերում ոչինչ չի որոշում», - ամփոփեց քաղտեխնոլոգը։