25/05/2022 18:50
Զարկերակային գերճնշում. տանը ճնշում չափելու կանոնները, «սպիտակ խալաթի» համախտանիշ
Զարկերակային գերճնշումը (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 140/90-ը և ավելին զարկերակային գերճնշում է, մինչև 139/89-ը՝ նորմալ) արյան անոթներում ճնշման բարձրացման հետևանքն է, երկար ժամանակ ծանրաբեռնվածությամբ աշխատող սիրտը ձևախախտումների է ենթարկվում, տուժում են նաև այլ օրգան-համակարգերը՝ երիկամները, նյարդային համակարգը։
Տարբերակում են առաջնային հիպերտենզիա և երկրորդային։ Առաջնայինը հիմնականում դրսևորվում է մեծահասակների դեպքում, երկրորդայինը՝ երիտասարդների, երբ զարկերակային գերճնշումն ուղեկցում է որևէ հիվանդության։
Խիստ կարևոր է, որ 18-ից բարձր տարիքի բոլոր մարդկանց դեպքում բժշկի այցելելիս անկախ գանգատներից ճնշում չափվի, քանի որ հնարավոր է զարկերակային գերճնշում առանց ախտանշանների։
Ոչ կառավարելի ռիսկի գործոններն են՝
• տարիք
• սեռ (40 տարեկանից հետո տղամարդիկ, 50-ից հետո կանայք ռիսկի խմբում են սիրտանոթային հիվանդությունների և զարկերակային բարձր ճնշման հարցում)
• ժառանգակականություն
Կառավարելի ռիսկեր՝
• կերակրի աղի չարաշահումը
• ճարպակալումը
• քիչ շարժունակությունը
• ծխելը
• ավելորդ քաշը
• ոչ առողջարար սննդակարգը
Ախտանշանները՝
• գլխացավ
• գլխապտույտ
• սրտխառնոց
• ընդհանուր թուլություն
• հևոց
• ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջացող սրտխփոց
Զարկերակային հիպերտոնիան ընդունված է որակել «լուռ մարդասպան». նպաստում է ինֆարկտի, ինսուլտի առաջացմանը, որոնց դեպքում մահացության ռիսկը մեծ է։
130-139/85-89 թվերի, ինչպես նաև 140-ից 159 սիստոլիկ և 90-ից 99 դիաստոլիկ ճնշման դեպքում մինչև երեք ամիս կարելի է սպասել՝ այդ ընթացքում փոխելով կենսակերպը՝ (բավարար ֆիզիկական ակտիվություն, քաշի նվազեցում, ալկոհոլից, ծխախոտից հրաժարում, առողջարար սննդակարգ) հնարավոր է կարգավորել ճնշումը. այլևս կարիք չլինի դեղորայքային բուժման։
160 և ավելիի դեպքում պետք է անմիջապես անցնել դեղորայքային բուժման, եթե հիվանդն ունի նաև այլ ռիսկի գործոններ՝ շաքարային դիաբետ, խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ, երիկամային հիվանդություն, սրտի պատերի հաստացում, այս դեպքում զարկերակային բարձր ճնշման առաջին փուլից ցուցված է դեղորայքային բուժումը։
Կարևոր է հիշել՝ դեղահաբեր պետք է խմել կանոնապես՝ անկախ ինքնազգացողությունից։
Երկրորդային զարկերակային ճնշումը պայմանավորվում է երիկամային, էնդոկրին հիվանդություններով. խոշոր զարկերակների՝ աորտայի հիվանդությունները ևս նպաստող գործոն են։
Տան պայմաններում չափումները կարևոր են. կա «սպիտակ խալաթի» զարկերակային գերճնշման համախտանիշ, երբ բժշկի այցելելիս ճնշումը բարձրանում է կամ հակառակը՝ տանը ավելի բարձր է, բժշկի այցելելիս նվազում է։ Կարևոր է տանը կանոնավոր չափումներ անել՝ բժշկին օգնելու համար։
Տանը զարկերակային ճնշումը չափելիս պետք է
• Առնվազն 5 րոպե հանգիստ նստել, ապա նոր չափել
• Չափելուց առաջ մինչև 20-30 րոպե թունդ սուրճ, ծխախոտ օգտագործած չլինել
• Առաջին անգամ պետք է չափել երկու ձեռքերը, երբեմն մեկնումեկի ցուցանիշն ավելի բարձր է լինում, այս դեպքում հիմք ընդունվում է այն ձեռքը, որի դեպքում ցուցանիշը բարձր է
• Ճիշտ ցուցանիշ պետք է համարել երեք չափումից հետո վերջին երկու չափումի միջին թիվը
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։