25/05/2022 20:10
Ինչ անել, որ երեխան հաճույքով հաճախի մանկապարտեզ. խորհուրդներ հոգեբանից
Ծնողները հաճախ մտածում են, թե ե՞րբ է ճիշտ ժամանակը երեխային մանկապարտեզ տանելու և արդյո՞ք պետք է տանել ընդհանրապես: Հոգեբանների կարծիքով, որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել և կշռադատել մանկապարտեզի բոլոր դրական և բացասական կողմերը։
Մանկական հոգեբան Լիլիթ Այվազյանը Aysor.am-ի հետ զրույցում, անդրադարձավ երեխայի մանկապարտեզ հաճախելուն և տվեց մի շարք կարևոր խորհուրդներ։
«Առաջին մտահոգիչ խնդիրը ծնողների համար, որը կարող է ծագել մանկապարտեզ գնալիս, երեխայի հաճախակի հիվանդանալն է: Ծնողները պիտի պատրաստ լինեն այս երևույթին, քանի որ սկզբնական շրջանում այն բնական է՝ կապված երեխայի հոգեբանական փոփոխությունների հետ, սակայն, իհարկե, կարևոր է նաև դաստիարակների անհատական մոտեցումը յուրաքանչյուր երեխային», - ասաց մասնագետը։
Մանկապարտեզում առանց սիրելիների անցկացրած ժամանակը հաճախ բացասաբար է անդրադառնում երեխայի հուզական ապահովության զգացողության վրա:
Հնարավոր է երեխաները մանկապարտեզում ճնշվածություն զգան, քանի որ չեն կարողանում անել այն, ինչ սիրում են, այն, ինչ կարող էին ազատ անել տանը։ Նման «թերությունները» կարող են մանկապարտեզ գնալու դժկամության պատճառ դառնալ։
Մանկապարտեզի դրական ազդեցությունը ևս մեծ է երեխայի՝ շրջապատի հետ շփման ձևավորման գործում։ Մանկապարտեզ այցը մեծապես կորոշի երեխայի ապագա կյանքը հասարակության մեջ և կազդի հետագայի հարաբերությունների վրա աշխատանքային թիմում և անձնական կյանքում:
«Մանկապարտեզը սոցիալականացման կարևոր փուլ է երեխաների կյանքում։ Դրա շնորհիվ փոքրիկը կսկսի անկախություն դրսևորել, սովորել պաշտպանել իր շահերը, շփվել և ընկերանալ: Կարևոր առավելություններից մեկն էլ այն է, որ մայրը կարող է գնալ աշխատանքի և շարունակել իր կարիերան, ավելի շատ ազատ ժամանակ տրամադրել իրեն և ընկերներին։ Սա շատ ավելի կարևոր է, քան թվում է, քանի որ եթե մայրը գեղեցիկ և կենսուրախ է, ապա դա բարենպաստ ազդեցություն է ունենում տան և ընտանիքի մթնոլորտի վրա», - մանրամասնեց Լիլիթ Այվազյանը:
Մանկական հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս.
Փորձեք կիրառել աստիճանականության սկզբունքը։ Նախ երեխային մանկապարտեզ ուղարկեք կես օրով, և միայն դրանից հետո՝ հաշվի առնելով փոքրիկի տրամադրությունն ու վիճակը, կամ դադարեցրեք մանկապարտեզ հաճախելը, կամ կարող եք թողնել մի ամբողջ օրով։
Եթե ընտանիքում կան երեխային տարիքով մոտ այլ երեխաներ, սկզբնական շրջանում կարող եք չուղարկել մանկապարտեզ, այլ կազմակերպել նրանց շփումն ու խաղերը տանը։
Հաղորդակցությունն այստեղ բավական կլինի նրանց հաջող սոցիալականացման համար։ Դա նույնպես դրական ազդեցություն կունենա երեխայի զարգացման վրա՝ մինչև կհաղթահարվի մանկապարտեզի հանդեպ վախը։
ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։